Աբու-Դաբիում նախօրեին բացված «IDEX-2021» ռազմարդյունաբերության ցուցահանդեսում Հայաստանի բուկլետներով տաղավարը սոցցաներում քննադատություների տեղի է տվել։

«IDEX-2021» ռազմարդյունաբերության ցուցահանդեսը, որին Հայաստանը ներկայացնում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, օրերս հաղորդագրություն էր տարածել, որ Հայաստանը ցուցահանդեսին մասնակցելու է միասնական տաղավարով, որտեղ ներկայացված են լինելու 14 հայկական ընկերություններ, որոնք ներկայացնելու են  հայկական ռազմարդյունաբերության պրոդուկտներն ու լուծումները։

Սակայն, հրապարակված լուսանկարներից երեւում է, որ հայկական ռազմարդյունաբերության պրոդուկտներին փոխարինել են ինչ–որ բուկլետներ եւ ծաղիկներ։

Ի տարբերություն հայկականի, ադրբեջանական տաղավարն աչքի էր ընկնում բազմաթիվ զենքերով, ինչն էլ չի վրիպել հայ օգտատերերի ուշադրությունից։

Քաղաքական եւ հասարակական գործիչները ցուցահանդեսին Հայաստանի «ներկայացվածությունը» խայտառակություն են որակում։ Կարծիքներ են անգամ հնչում, որ տեղի ունեցածը միտումնավոր է արվել, որում մասնակցություն ունի ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Մասնավորապես, «Քաղաքացու որոշում» սոցիալ–դեմոկրատական կուսակցության անդամ Հայկ Սահակյանը Ֆեյսբուքում գրել է. «Համաձայն ասեկոսեների՝ այս ամոթալի ֆեյլի հետեւում պրիմիտիվ, նեղ անձնական շահեր եւ բախումներ են․ «Իմ քայլ»– ում ռազմարդյունաբերության ոլորտի վրա աչք դրած կամ ՊՆ նախարարի ամբիցիաներ ունեցող մեկը, կարողացել է ձախողել մեր էքսպոնատների՝ ժամանակին տեղ հասնելը, որ Նիկոլի աչքում քցի կազմակերպիչներին ու ոլորտը իրենով անի»։

ՔՈ մեկ այլ անդամ Միքայել Հայրապետյանը գրում է, որ  «IDEX-2021» ռազմարդյունաբերության ցուցահանդեսին մասնակցելու համար Հայաստանը վճարել է  40 միլիոն դրամ։ Նա առաջարկում է քրեական գործ հարուցել ու պարզել, թե ում անփութության  կամ դիտավորության արդյունքում է Հայաստանն այս վիճակում հայտնվել: «

«Իմ քայլը» խմբակցությունը լքած, եւ այժմ  գործունեությունը անկախ պատգամավորի կարգավիճակում շարունակող Սոֆյա Հովսեփյանը եւս արձագանքել է այս թեմային։

 «Պատերազմի խայտառակ պարտությունից հետո անգամ չսթափվեցիք։  Սա հանցագործություն է եւ ներում չունի, պարզ կազմակերպման հարցն անգամ ամեն անգամ վիժեցվում է, ամո՛թ, երիցս ամո՛թ:  Դատարկ տաղավար, իսկ ի՞նչ պետք է ցույց տային»,– գրել է նա։

Armenian Military Portal թելեգրամյան ալիքի համաձայն՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ու Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը ի վիճակի չեն եղել  հաշվարկել եւ կազմակերպել ցուցահանդեսին ներկայացվող նմուշների տեղափոխումը։ Ըստ աղբյուրի՝ հայկական զենքերը դեռ Մոսկվայում են, չնայած դրանք պետք է լինեին  Աբու Դաբիում:

Հայաստանի՝ ցուցահանդեսին դատարկ սեղաններով մասնակցությունը շարունակում է սոցհարթակների հայկական տիրույթում ակտիվորեն քննարկվել։

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը պարզաբանում է տարածել՝ կապված IDEX-2021 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսում Հայաստանի մասնակցության, մասնավորապես՝  հայկական ընկերությունների  տաղավարում  ցուցանմուշների  բացակայության վերաբերյալ, որի մեջ ասվում է.

«Ցուցանմուշների տեղափոխման ընթացքում առաջացած լոգիստիկ խնդիրների հետեւանքով՝ հայկական ռազմական տեխնիկայի ցուցանմուշները չեն հասել Աբու Դաբի։

Տեղի ունեցածի հանգամանքները պարզելու նպատակով՝ նախարարի հրամանով սկսվում է ծառայողական քննություն։

Չնայած առաջացած խնդիրներին՝ հայկական ռազմարդյունաբերական ընկերությունները տեղում արդյունավետ աշխատանք են տանում. կապեր են հաստատում միջազգային գործընկերների հետ, բացահայտում են նոր հնարավորություններ եւ շուկաներ,  ուսումնասիրում են միջազգային փորձը ռազմական տեխնիկայի ոլորտում»։

Հավելենք, որ «IDEX 2021» ռազմարդյունաբերական 15-րդ միջազգային ցուցահանդեսին մասնակցելու հրավերը ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը ստացել է Արաբական Միացյալ Էմիրությունների  պաշտպանության հարցերով պետնախարար Մուհամմադ Ահմադ ալ-Բաուարիդի ալ-Ֆալասիից։ Ցուցահանդեսը տեւելու է 5 օր՝ փետրվարի 21-ից 25-ը:

Սա Աբու-Դաբիում այսօր բացված IDEX-2021 ռազմարդյունաբերության ցուցահանդեսում ՀՀ դատարկ տաղավարն է։ Համաձայն ասեկոսեների՝...

Опубликовано Հայկ Սահակյան Воскресенье, 21 февраля 2021 г.

Դե արդեն գիտեք, որ սա Աբու-Դաբիում ռազմարդյունաբերական ցուցահանդեսում մեր տաղավարն է ու նաև գիտեք, որ մենք ահավոր...

Опубликовано Mikayel Nahapetyan Воскресенье, 21 февраля 2021 г.

Պատճառները այսօր կփորձեմ պարզել , բայց ցանկացած պատճառ աններելի է : Այդպես էլ չսովորեցին պատասխանատու լինել ,որի մասին...

Опубликовано Սոֆյա Հովսեփյան Воскресенье, 21 февраля 2021 г.