Պատրաստվում ենք բողոքարկել թե՛ քննչական գործողությունները, թե՛ դատարանի որոշումը՝ հաշվի առնելով, որ իշխանություններն առաջնորդվում են՝ «թե մարդ լինի, հոդված կգտնվի» սկզբունքով: Այս մասին փետրվարի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց սահմանադրական իրավունքի մասնագետ, «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնը» ՀԿ համանախագահ Գոհար Մելոյանը:
Նրա խոսքով՝ երբ ինքը հասել է իր աշխատասենյակ, այնտեղ արդեն խոզարկության ձեւով քննչական գործողություններ էին կատարվում, ընդ որում՝ տարբեր աշխատասենյակներում: Փորձագետը հավելեց, որ պահանջել է ներկայացնել համապատասխան իրավական հիմքեր՝ դատարանի որոշում, բայց պարզվել է, որ գործողությունները կատարվում են քննիչի որոշմամբ, ինչը Սահմանադրության եւ օրենքի կոպիտ խախտում է, քանի որ աշխատասենյակը հավասար է բնակարանին: «Խուզարկության ժամանակ եւ դրանից հետո ես այդպես էլ չկարողացա պարզել, թե այն ինչ քրեական գործի շրջանակում է կատարվում: Եվս մի քանի վիճահարույց գործողություններ նույնպես անպայման կդառնան բողոքարկման առարկա: Առաջին՝ քննչական գործողությունները սկսել են փաստաբանի բացակայությամբ, չնայած Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը պահանջեց ապահովել նրա ներկայությունը: Երկրորդ՝ խուզարկությունն անցկացվել է առանց գործով իմ կարգավիճակը տրամադրելու: Դրանից բացի, մեզ չեն տվել զանգելու իրավունքից օգտվելու հնարավորություն»,- նշեց նա:
Մելոյանը համոզմունք հայտնեց, որ չնայած նշվում է «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ գործունեությունը, սակայն թիրախում էին միայն երկու մարդ՝ Սաղաթելյանը եւ ինքը, քանի որ մի քանի տարի շարունակ մատնանշել է այս իշխանությունների ապօրինությունները: «Գործը հարուցվել է 3 հոդվածով, որոնցից երկուսը չեն կարող կիրառվել մեկ անձի նկատմամբ: Եվս մեկ հոդվածը, որը կապված է ռազմական դրության շրջանում տեղեկատվության սահմանափակումների հետ, կասեցվել է Սահմանադրական դատարանի կողմից: Ստացվում է, որ չգործող դրույթի հիման վրա կալանավորվել են ավելի վաղ ձերբակալված 4 անձանցից երկուսը: Ըստ երեւույթին, հաջողվել է ճնշում գործադրել միայն երկու դատավորի վրա՝ հաշվի առնելով առկա փաստը, որ դատավորի վրա ճնշում է գործադրվել, որպեսզի նա բավարարի կալանավորելու միջնորդությունը: Հեռախոսով բարձրաձայն խոսակցությունը տեղի է ունեցել սրճարանում, ուստի կարելի է գտնել ձայնագրությունը եւ վկաների: Ըստ էության, 4 մարդ ընտրվել էր ելնելով այն փաստից, որ բոլորն էլ օգտվել էին մոլդովական սերվերների VPN ծրագրային համակարգից: Սա անհեթեթ է»,- ամփոփեց ՀԿ համահիմնադիրը:











