Այսօր Նիկոլ Փաշինյանի միակ հենարանը մնացել է թուրք-ադրբեջանական տանդեմը։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 26-ին, Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը։

«Այս իշխանությունը փորձում է հեղինակազրկել Հայաստանի միջազգային հեղինակությունը  և հնարավորություն են տվել, որ Հայաստանի Հանրապետության թշնամիններն օգտվեն այս վիճակից։ Եվ պատահական չէ, որ Թուրքիայի բարձր ղեկավարության կողմից հնչում է հերթական դատապարտող հայատարարությունները և պաշտպանությունը գործադիր իշխանությունը զավթած անձի նկատմամբ։ Սա նշանակում է, որ այսօր Նիկոլ Փաշինյանի՝ գլխավոր դավաճանի, միակ հենարանը մնացել է թուրք-ադրբեջանական տանդեմը»,- նշեց Արծվիկ Մինասյանը։

Արծվիկ Մինասյանի խոսքով՝ Գլխավոր շտաբը Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջելով ցույց տվեց, որ կառավարությունը և նրա գործող գործող ղեկավարը ադեկվատ չեն։

«Այսինքն՝ ցանկացած որոշում, որ իրենք փորձում են կայացնել ի վնաս են հայոց շահին։ Սա գնահատական է պրոֆեսիոնալ մակարդակի՝ որպես բանակի պատասխանատու։ Հաջորդ կարևոր բանը, որ կարելի է նկատել հայտարարությունից այն է, որ որևէ ձևով իշխանությունը չի կարող ուժ գործադրել ժողովրդի պահանջին և եթե նման բան եղավ, ապա բանակն իր ամբողջ կազմով դրան պետք է արձագանքի։

Այս երկու արձանագրումները պետք է բավարար լինեին «Իմ քայլի» մի շարք պատգամավորների համար, որ իրենք կամավոր հրավիրեին արտահերթ նիստ, քննարկեին և պաշտոնանկ անեին գլխավոր դավաճանին։ Մինչդեռ այս պահի դրությամբ մենք տեսնում ենք կցկտուր մի քանի արձագանքներ։ Այո, աշխատանքները շարունակվում են այս խմբակցության պատգամավորների հետ։ Հուսով եմ, որ այսօր ինչ-որ արդյունքի հնարավոր կլինի հասնել»,- ասաց Արծվիկ Մինասյանը։

Ըստ Արծվիկ Մինասյանի՝ երեկ Նիկոլ Փաշինյանը երեկ ժողովրդին պատրաստ էր տանել բախման և միայն ժողովրդի և ընդդիմության ողջախոհությունը կանխեց հնարավոր բախումը։

«Երբ գլխավոր շտաբի հայտարարությունը հրապարակվեց, գործադիր իշխանության այսպես կոչված ղեկավարը, հեղինակազրկելով Հայաստանը, հայ ժողովրդին, բանակը հրապարակավ կեղծեց իրականությունը և հայտարարեց իբրև թե ռազմական հեղաշրջման մասին։ Պատվազրկված անձնավորությունն այլևս ոչ մի արգելք չունի։ Ոչ ավել, ոչ պակաս որոշեց քաղաքացիական բախման տանել, և եթե չլիներ մեր ժողովրդի հավաքական կամքը, բախումներն անխուսափելի կդառնային։ Մինչդեռ գլխավոր սադրիչ և դավաճանն ամեն ինչ ուզում էր տանել այդ ճանապարհով։ Այսինքն՝ նորից հայի արյուն էր ուզում թափել Երևան քաղաքում։

Իր ուղերձներով ինքը ցույց տվեց անբարոյականության,ամբարտավանության և անամոթության մաստեր կլաս։ Բավական չէ, որ ինքը մինչ այդ ներկայացրել է ԳՇ պետի պաշտոնից ազատման գրություն,  հրապարակում «Օնիկ ջանով» դիմում է նույն պետին»,- նշեց Արծվիկ Մինասյանը։ 

Արծվիկ Մինասյանի կարծիքով՝ ժողովրդի պայքարի և միասնականության շնորհիվ հնարավոր է հասնել կառավարության գործող ղեկավարի հրաժարականին։

«Նա երբեք չի գնա արտահերթ ընտրությունների, եթե իրեն չպատկերացնի այդ աթոռին։ Նա քաջ հասկանում է՝ կտրվեց իր աթոռից, հայտնվելու է քրեակատարողական հիմնարկում և քրեադատավարական օրենգքրով նախատեսված կարգով ստիպված է հարցերի պատասխանել։ Ինչ ասել է, արել է դրա ուղիղ հակառակը։ Երբ ասում է՝ ժողովուրդ ջան, ես սիրում եմ ձեզ, դա նշանակում է, որ ատում է ամենավերջին աստիճանով։ Երբ որ ասում է ուժեղացնելու է Հայաստանը, ուրեմն՝ ամեն ինչ անելու է Հայաստանը նսեմացնելու և ստորացնելու համար։ Գենետիկ առումով այս մարդը լուրջ փորձաքննության պետք է ենթարկվի։ Լուրջ կասկածներ կան նրա մտավոր և հոգեկան առողջության հետ կապված։

Ինքն իր ամբողջ էությամբ մարմնավորում է հայի այն տեսակը, որը մեր մեծերը միշտ նկարագրել են, թե ինչպիսին չպետք է լինի հայը։ Մեր դարավոր պատմությունը ցույց է տալիս, որ որքան էլ թշնամու հետ համագործակցած դավաճանները փորձել են հայ ժողովորդին նսեմացնել, ցեղասպանել, մինևնույնն է, հայ ժողովուրդը հառնել է և պատժել է այդ մարդկանց։  Հայրենիքի փրկությունը դարձրել է ապրելակերպ։ Սա է մեր հիմնական շարժիչ ուժը, իսկ դա նշանակում է, որ այս բողոքը չի դադարելու այնքան ժամանակ, քանի դեռ չի հասել իր հիմնական նպատակին՝ հայրենիքի թիվ 1 դավաճանը պետք է հեռացվի գործադիր իշխանության կառչած աթոռից»,- ավելացրեց Մինասյանը։