Իրավապահ մարմինները տեղեկություններ էին ստացել, որ չի բացառվում, որ լինեն սադրիչ գործողություններ, կային բոլոր հիմքերը այդպես մտածելու: Այս մասին այսօր՝ մարտի 4-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովիկ Աղազարյանը:
«Հիմքերը տարբեր քաղաքական գործիչների, մասնավորապես, Վազգեն Մանուկյանի կողմից տարբեր հարթակներում, մասնավորապես, Բաղրամյան պողոտայում հնչեցրած կոչերն են: Օրինակ, ասում էր՝ հատ-հատ պատգամավորներին կբերենք: Ասում էր՝ պետք է կայծակնային արագությամբ իշխանությունը վերցնենք, գրավենք շենքեր: Ասում է՝ եթե ԳՇ-ն չշարունակի այս գործելաոճը, ապա բանակն ինքը պետք է ոտքի կանգնի, իր ձեռքը վերցնի… այս կոչերը հիմք են տալիս մտածելու, որ միգուցե Վազգեն Մանուկյանն ուղիղ իմաստով չի ասում, միգուցե իր հոգու խորքում պատկերացնում է այլ ճանապարհ իշխանափոխության, բայց անկասկած կգտնվեն ուժեր, որոնք այդ իրողությունը կօգտագործեն, X պահին իրենց սադրիչ գործողություններն ու ծրագիրն իրականացնելու համար: Դա ինչպե՞ս կարող է տեղի ունենալ: Հավաքվում է բազմահազարանոց ցույց ԱԺ դարպասների մոտ, որի մեջ կլինեն 500 հոգի «գալավարեզներ», որոնք անհրաժեշտ պահին կարող էին մտնել ԱԺ տարածք եւ անել այն, ինչ ծրագրում կամ մտմտում են արդեն եւ անգամ փորձել են անել այս ամիսների ընթացքում»,-ասաց Աղազարյանը՝ հավելելով, որ այդ ամբողջ տեղեկատվությունն ունենալով իրավապահները միգուցե լրացուցիչ ուժեր են կենտրոնացրել ԱԺ-ի տարածքում:
«Դա կանխարգելիչ նշանակություն կարող էր ունենալ, միգուցե իզուր անհանգստությամբ»,-ընդգծեց նա:
«Ես վստահ եմ, որ բանակն այդ քայլին չի գնա: Ոչ ոք չի անհանգստանում նույնիսկ մեր բանակի փողոցներում հայտնվելուց, բայց որոշ մարդիկ անհանգստանում են, որ բանակը կհայտնվի Երեւանի փողոցներում եւ զինվորականի շորերով կհայտնվեն այդ նույն «գալավարեզները» եւ կանեն իրենց սեւ գործը»,-հավելեց նա:
Լրագրողների հարցին, թե 2018թ–ին նման մտավախություն ՀՀԿ–ն չունե՞ր, ինչո՞ւ նույն կերպ չվարվեց իրենց հետ, պատգամավորը պատասխանեց. «Դե, մենք վախկոտ ենք, ՀՀԿ–ն վախկոտ չէր»։
ԲԴԽ շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ Աղազարյանն ասաց. «Ձեր աչքի առաջ է ծնվում անկախ դատական համակարգը: Այսօր դատական համակարգը բացարձակապես անկախ է եւ գործադիր, եւ օրենսդիր իշխանությունից: Դա շատ լավ է: Եթե պատկերացնեմ մի իրավիճակ, որ ասենք 6 ամիս հետո մեր դատավորներն անկախ կլինեն նաեւ էյ մյուս ազդեցություններից, մենք այդ օրը կունենանք ամենալավ դատական համակարգը, նույնիսկ այս դատավորներով»,-ասաց նա:
Անդրադառնալով ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին, Աղազարյանն ասաց. «Ինքը փողոցային մակարդակով խուսափում էր պատասխանից: Իր հայտարարությունը քաղաքական հայտարարություն էր եւ մարտակոչ էր: Իրեն հանձնարարել էին, ինքն էլ հայտարարել էր»:
Հարցին, թե ով էր հանձնարարել, նա պատասխանեց. «Հանձնարարել էր Ռոբերտ Քոչարյանը, Վանեցյանը, դրանք էլի»:
Հարցին, թե ցանկանում են ազատվե՞լ ԲԴԽ նախագահից, Աղազարյանն ասաց. «Մենք դժվարանում ենք: Ես կուզեի, որ ինքը հրաժարական տար: Բայց միգուցե ես սխալ եմ, ինքն է ճիշտ: Հետեւաբար այդ հակակշիռները, մեր քննադատությունը, երեւի մի քիչ կազդի դատական համակարգի մյուս ներկայացուցիչների վրա, որ ավելի հետեւողական լինեն: Նույն Ռուբեն Վարդազարյանը ավելի զգույշ կլինի իր գործառույթներն իրականացնելիս, որ հանկարծ Հովիկ Աղազարյանը իր դեմ փաստ չունենա հրապարակելու»:











