Համոզված եմ, որ հաջորդ քառօրյայում ես հանդես կգամ ելույթով։ Այս մասին, այսօր՝ մարտի 4-ին, «Եռաբլուր» պանթեոնում հայտարարեց Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե երբ կներկայացվի Ապրիլյան քննիչ հանձնաժողովի վերլուծությունը։
«44-օրյա պատերազմն Ապրիլյան պատերազմի շարունակությունն էր՝ շատ ավելի մեծ մասշտաբով։ Լավ կլիներ, որ զեկույցը գուցե պատերազմից առաջ Գլխավոր շտաբում ենթարկվեր փորձաքննության»,- նշեց Քոչարյանը։
Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ վերջին պատերազմի մասին վերլուծություններ անելուց առաջ նախ պետք է ապահովել ներքին հանդարտությունը։
«Առաջին հերթին մեր զինվորական ղեկավարությունը պետք է նախաձեռնի այս պատերազմի հետևանքների ուսումնասիրությունը, որպեսզի մենք այդ ուղենիշը փորձագիտական և ռազմական հստակ ձևակերպումներով ունենանք, որովհետև մենք կանգած ենք լայնածավալ փոփոխությունների շեմին, և դա օր առաջ պետք է դառնա իրականություն»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը։
Ըստ Անդրանիկ Քոչարյանի՝ գերիներին վերադարձնելու համար բոլոր հնարավոր միջոցներն պետք է օգտագործվեն, ընդհուպ՝ անձնական կապերը։
«Գերիներին վերադարձնելու համար բոլոր հնարավոր միջոցները պետք է օգտագործենք, ընդհուպ՝ անձնական կապերը։ Վանեցյանը հայտարարեց, որ եթե ինքը լինի իշխանության, երկու օրում կլուծի։ Բայց ես կարծում եմ, որ պարոն Վանեցյանն ազնիվ չէր։ Գերիների հարցը երկու օրում լուծելու հարց չէ։ Մենք խնդիրներ ունենք դեռ առաջին պատերազմից սկսած։ Թող իր կապերն օգտագործի, այդ կապերն ո՞ւմ են պետք։ Այսինքն՝ այդ կապերը հիմա ուզում է ծախել մեր ժողովրդին, որպեսզի իշխանություն վերցնեն։ Այդ կապերը պետք են այն ընտանիքներին, որոնք հույս ունեն, որ կարող է երիների մեջ իրենց անհետ կորած երեխան լինի»,- նշեց Անդրանիկ Քոչարյանը։
Անդրանիկ Քոչարյանի կարծիքով՝ որոշ տարածքների դիմաց գերիների փոխանակման մասին քննարկումները շատ անզգույշ են։
«Գերիների փոխանակման ինչ-որ փուլում նաև տեղի ունեցավ Արցախից այնպիսի հայտարարություն, որը հաստատ վնասեց գերիների փոխանակման գործընթացին։ Չտամ անուններ․ բոլորդ շատ լավ հասկանում եք։ Դա Հադրութի հնարավոր ինչ-որ գործողությունների էին միտված, որն անմիջապես Մոսկվայում Ադրբեջանի նախագահն օգտվեց այդ հնարավորությունից։ Երբ անընդհատ խոսում ենք գերիների հարցից, Ալիևը շատ բարենպաստ վիճակ է ունենում, որ դա խաղարկի քաղաքական նպատակներից ելնելով»,- ընդգծեց Անդրանիկ Քոչարյանը։
Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ իրավունքի ուժով Օնիկ Գասպարյանը ժամկետի լրանալուց հետո կհամարվի պաշտոնից ազատված։
«Ենթադրում եմ, որ այս ընթացքում վարչապետը նախագահին կամ կներկայացնի նոր թեկնածություն կամ կգնան կգնան կոնսուլտացիաների Զինված ուժերի ղեկավարության և Պաշտպանության նախարարների հետ և գուցե պարտականությունը դրվի Գլխավոր շտաբի տեղակալներից մեկի վրա»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը։
Անդրանիկ Քոչարյանը վստահեցրեց, որ Գլխավոր շտաբի բոլոր զինվորականներն այսօր իրականացնում են իրենց վրա դրված խնդիրները, բացառությամբ՝ Տիրան Խաչատրյանի, որն ազատված է։
«Տիրան Խաչատրյանը վարչական դատարան դիմելուց առաջ թող մտածեր՝ իր այդ քայլով ինչ վնաս հասցրեց Հայաստանի Հանրապետության ներքին անվտանգությանը։ Բոլորը կախվել են բանակի փեշից։ Օնիկ Գասպարյանի հիմնական խնդիրը պետք է լիներ, որ թույլ չտար բանակին քաղաքական խնդիրների մեջ ներքաշելու»,- ասաց Քոչարյանը։
Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ ինքը զարմացա է, որ Օնիկ Գասպարյանը Վարուժան Ավետիսյանին իր մոտ է ընդունել․ «Դա սարսափելի իրողություն է։ Ընդորում՝ Վարուժան Ավետիսյանն ասում էր՝ գնացել ենք փորձագիտական աջակցություն ցուցաբերելու։ «Սասնա Ծռերը» ի՞նչ փորձագիտական աջակցություն պետք է ցուցաբերի Գլխավոր շտաբի պետին»։











