Շախմատում խիստ խնդիրներ չէի ասի, որ առաջ են եկել, բայց, անխոս, վերաբերմունքն այն չէ, ինչ-որ մենք միշտ ունեցել ենք։ Այս մասին այսօր՝ մարտի 6-ին, Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանի Շախմատի Ֆեդերացիայի փոխնախագահ, ՖԻԴԵ-ի «Շախմատը կրթական համակարգում» հանձնաժողովի նախագահ Սմբատ Լպուտյանը:
«Այդ վերաբերմունքը միշտ մեծ ուժ է տվել մեզ։ Սերժ Սարգսյանի օրոք շախմատը փայլել է ամբողջ աշխարհով՝ 3 անգամ դարձել ենք աշխարհի Օլիմպիադայի չեմպիոն, ոսկե տառեր են դրանք։ Ահռելի է աշխատանք է, որ փոքր երկիրը կարողանում է աշխարհի հզորագույն երկրներին հաղթել։ Շախմատի դպրոց ունենք, որը առաջատարներից է աշխարհում»,- ասաց Լպուտյանը։
Սմբատ Լպուտյանի խոսքով՝ Լևոն Արոնյանի՝ Հայաստանից հեռանալը վնաս է հասցնելու հայկական շախմատին։
«Լևոնը մեր առաջին շախմատիստն է և վառ առաջատար է։ Արդեն որքան տարիներ ներկայացնում է մեր երկրին ամենաբարձր մակարդակներում։ Կորուստը մեծ է, բոլորս դա հասկանում ենք և շատ ենք ցավում։ Մենք փորձել ենք խոսել Լևոնի հետ և մեր ցանկությունները կիսել իր հետ։ Բայց ինքն է այդ որոշումը կայացրել։ Այդ մասին արտահայտվել է, հասարակությունը գիտի»,- նշեց Սմբատ Լպուտյանը։











