Ընդդիմությունն ունի մեկ նպատակ՝ Նիկոլ Փաշինյանին հանել այնտեղից. Բանակի դիրքորոշումը բարենպաստ է դրա համար, եւ այդ դիրքորոշումը մնացել է: Այս մասին, այսօր՝ մարտի 10-ին, Բաղրամյան պողոտայում ընդդիմության հանրահավաքից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:
«Օնիկ Գասպարյանը դուրս է եկել, դիմել է վարչական դատարան: Ինչ ձեւերով պետք է այդ հարցերը լուծվեն, դա իրավաբանների հարց է: Մեր նպատակը մնացել է նույնը»,-ասաց Վազգեն Մանուկյանը:
Նա հավելեց, որ Նիկոլ Փաշինյանին թվում էր, թե եթե ինքը հանի Օնիկ Գասպարյանին, ամեն ինչ նորմալ կլինի, բայց այդպես չի. «Բանակը վերահաստատեց իր կարծիքը, որ Նիկոլ Փաշինյանը վտանգ է ներկայացնում Հայաստանի անվտանգությանը: Ի սկզբանե բանակը փետրվարի 25-ին չհայտարարեց, որ գործողություններ է անելու: Բանակը հայտարարեց, որ Հայաստանի համար սպառնալիք է Նիկոլ Փաշինյանի վարչապետ լինելը եւ դա ընկալվեց որպես Օնիկ Գասպարյանի թելադրանքը բանակին: Բայց այսօր Օնիկ Գասպարյանը դուրս եկավ, իսկ բանակը շարունակում է պնդել նույնը: Այդ իմաստով Նիկոլ Փաշինյանին ոչ մի բան էլ չհաջողվեց»,-ասաց նա:
Հարցին, թե հիասթափվա՞ծ է Օնիկ Գասպարյանից, Վազգեն Մանուկյանն ասաց. «Ես մի քիչ ուրիշ ձեւի ինձ կպահեի, ինքը էդ ձեւի է պահում: Ինքը զինվորական մարդ է, եւ ի սկզբանե որոշել էին, որ բանակը չի մասնակցելու քաղաքականությանը, միայն անելու է այդ հայտարարությունը»:











