Սրացումներ են լինելու, ավելի լավ, թող սրացումներ լինեն. ռուսերեն ասում են` Оно того стоит: Այս մասին, այսօր՝ մարտի 12-ին, Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:
«Ինձ ուրիշ սրացում է վախեցնում, ինձ սարսափեցնում է այն սրացումը, որը տեղի է ունենում Սյունիքի շուրջ, այն ձգտումը, որ Ալիեւը հասկանում է, որ Նիկոլը այսօր կա, վաղը չի լինելու, Նիկոլի օրոք հնարավոր է անել այն, ինչը հնարավոր չի լինի իրենից հետո: Այդ սրացումն է ինձ վտանգավոր թվում: Իսկ ներքին սրացումը գնում է հայրենիքը դավաճանողների, թշնամիներին ծառայողների եւ երկրին նվիրված մարդկանց միջեւ: Եթե իրենք գնում են սրացման, իրենք կստանան սրացում»,- ասաց նա:
Վազգեն Մանուկյանը մեծ է համարում նոր պատերազմի հավանականությունը. «Ամենամեծ գայթակղությունը պատերազմի դա հակառակորդի թուլությունն է: Երբեք Հայաստանն այսքան թույլ չի եղել իր հակառակորդի առջեւ: Միակ բանը, որ պահում է Ադրբեջանին եւ Թուրքիային, ռուսական զորքերի առկայությունն է: Մի օր ռուսները զբաղված լինեն ուրիշ բանով, իրենք կօգտագործեն այդ առիթը»:
Վազգեն Մանուկյանը համաձայնեց, որ հնարավոր բախումների պատասխանատուն լինելու են երկու կողմերը. «Բայց բախման հիմնապատճառը եւ մյուս կողմի մի քիչ տարբեր բաներ են: Աշխարհում չկա մի երկիր, որտեղ երկրի ղեկավարը երկիրը այդպիսի խայտառակ վիճակի մեջ գցի, եւ չհեռանալով՝ ինքն ավտոմատ սրում է վիճակը: Եթե իրեն թվում է, որ իր սրելու պատճառով մենք չենք ուզենա ադեկվատ սրել, ապա սխալվում է: Ինքը ինչքան սրի, մենք նույն մակարդակի վրա կլինենք»:
Անդրադառնալով իր դեմ հարուցված քրեական գործին, Վազգեն Մանուկյանն ասաց. «Սա պատերազմ է Հայաստանի ապագայի համար: Այսպիսի պատերազմի մեջ քրեական գործերը երկրորդական հարցեր են»:
Անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հայտարարություններին, թե Վազգեն Մանուկյանը «գիտի, թե 1996 թվականն է, եւ կարող է դարպաս ջարդելով մտնել խորհրդարան», Վազգեն ՄԱնուկյանն ասաց. «Էդ ճուտիկները գիտեն միայն այն, ինչն այսօր է, ես գիտեի, թե ինչն է ճիշտ 1990-ականներին, ես գիտեմ՝ ինչ է ճիշտ հիմա, եւ գիտեմ, թե ինչ ուղղությամբ պետք է գնանք, որ ճիշտ լինի: Մարդիկ կան, որ չեն համապատասխանում ժամանակին: Օրինակ, այդ «Իմ քայլի» ճուտիկները գնացել են ինչ-որ կուրսերի, անգլերեն են սովորել, իրենց այնտեղ բացատրել են այն գաղափարները, որոնք արդիական էին սառը պատերազմի ավարտից հետո, բայց որոնք հիմա արդիական չեն: Իրենք հնացել են»:
Ինչ վերաբերում է հետագա գործողություններին, «Վազգեն Մանուկյանն ասաց. «Իրենք կամ պետք է ցրեն Բաղրամյան եւ Դեմիրճյան փողոցներում հավաքված մարդկանց, ինչը կբերի մեծ հետեւանքների, եւ ես չեմ կարծում, որ ոստիկանությունն այդպես հեշտությամբ ենթարկվի այդ հրամանին, կամ այս հակադրությունը կտեւի այնքան, մինչեւ մենք դուրս հանենք Նիկոլ Փաշինյանին»:











