Նիկոլ Փաշինյանն արտահերթ ընտրությունների չի գնա, չի պոկվի իր աթոռից, եւ մենք ապագա չենք ունենա, եթե ամբողջ հասարակությունը չպահանջի նրա հրաժարականը եւ պատշաճ ակտիվություն չցուցաբերի: Այս մասին մարտի 13-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող բողոքի ակցիայի ժամանակ լրագրողներին ասաց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը:
Նրա խոսքով՝ եթե նույնիսկ Փաշինյանը գնա արտահերթ ընտրությունների, ապա միայն այնպիսի պայմաններում, եթե նրա ձեռքերում լծակներ կենտրոնացած լինեն:
«Նա հասկանում է, որ հակառակ դեպքում ամբողջ պետությունն ու իրավապահ համակարգը կարող են իրենց դիրքորոշումն արտահայտել ստեղծված իրավիճակի վերաբերյալ, իսկ դա իրեն ձեռնտու չէ: Հայրենիքի փրկության շարժումը հստակ արտահայտել է իր դիրքորոշումը եւ պատրաստ է առաջ շարժվել ներկայացված ճանապարհային քարտեզով: Շարժումը իշխանությունը զավթելու խնդիր չի դնում: Մեր խնդիրն այն անձի հրաժարականն է, ով երկիրը կործնման հասցրեց, իսկ թե ով կփոխարինի նրան, կորոշի ժողովուրդը: Այսօր խորհրդարանը պետք է ազդեցություն գործեր իրավիճակի վրա, սակայն «Իմ քայլը» իշխող դաշինքը չի ցանկանում տեսնել եւ պրոյեկտել հանրային տրամադրություններն Ազգային ժողովի մակարդակով: Պաշտոնյաների մեջ կան մարդիկ, ովքեր հասկանում են իրավիճակի լրջությունը, եւ մեր գործողություններն ուղղված են այս դիրքորոշումը բոլորին հասցնելուն: Գլխավոր շտաբի մոտեցմանը մյուս իրավապահների արձագանքը չհաջորդեց: Կարծում եմ, որ այս պարագայում անհրաժեշտ էր տեղեկատվական գրոհ իրականացնել՝ ամբողջ ճշմարտությունը հասցնելու համար»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է նախագահի շուրջ ստեղծված իրավիճակին եւ նրա նախաձեռնություններին, ապա, Մինասյանի կարծիքով, նրան վստահության հետ կապված հարցեր կան:
«Այն, ինչ նա արեց Օնիկ Գասպարյանի հետ կապված իրավիճակում, անբացատրելի է»,- եզրափակեց նա:











