18-ամյա Սուրեն Եսայանը գիտեր հինգ լեզու՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, հինդի։ Սուրենը նախորդ տարվա ամռանն ընդունվել էր Ֆրանսիական համալսարանի կառավարման ֆակուլտետ։ Զինվորական երդում տվել էր Մարտունիում, ապա որպես դիպուկահար տեղափոխվել Ջաբրայիլ։

«Հրամանատարներից մեկը ինչ-որ տեքստ էր տվել թարգմանելու։ Հրամանատարը զարմացել էր, ասել էր՝ տղա ջան, դու այստեղ ի՞նչ ես անում, սա քո տեղը չի, երկու օր հետո կմոտենաս, կասենք՝ ինչ անես»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Սուրեն Եսայանի մայրը՝ Նարինե Եսայանը։

Սուրենն ընտանիքի անդամներից թաքցրել էր, որ մասնակցում է պատերազմին։ Քանի որ Սուրենը բանակ զորակոչվել էր 2020 թվականի հունիսի 23-ին, ծնողներն էլ իրենց հերթին վստահ էին , որ երկու ամսվա զինծառայողին մարտական գործողությունների չեն տանի։

«Ամուսնուս բոլոր զինվորական ընկերներն ասացին, որ երկու ամսվա զինծառայողին թե խաղաղ ժամանակ, թե պատերազմի ժամանակ առաջնագիծ տանելու իրավունք չկա։ Ինքն էլ զանգելիս ասում էր՝ մամ ջան, ես ապահով տեղում եմ»,- նշեց Սուրենի մայրը։

Ընտանիքի անդամները ենթադրում են, որ Սուրենը զոհվել է առաջին հրադադարի օրը՝ հոկտեմբերի 10-ին, քանի որ վերջին զանգն այդ օրն են ստացել։

«Շատ ուրախացավ, տղաներին էլ ասաց։ Ասացի՝ խնդրում եմ ուշադիր եղիր, վերև նայիր, կողքերդ նայիր, մեզ հիշիր միշտ, որովհետև մեզ հերոս պետք չէ, մեզ դու ես պետք»,- պատմեց Սուրեն Եսայանի քույրը՝ Սոնա Եսայանը։

Սուրենը շատ էր սիրում սպորտով զբաղվել։ 12 տարեկանում Սուրենը տեղափոխվել էր Հնդկաստան սովորելու, սակայն երեք տարի անց ուսումը կիսատ էր թողել հայրենիքը կարոտելու պատճառով։

«12 տարեկան էր, խնդրեց մի բուռ հող բերել։ Ձմեռ էր, բայց ուղարկեցի։ Ընկերը պատմում էր, որ այդ հողը սուրբ մասունքի նման պահպանում էր»,- ասաց Նարինե Եսայանը։

Տիկին Նարինեն կարծում է, որ որդին այսօր իր կողքին կլիներ, եթե կազմակերպական խնդիրներ բանակում չլինեին և հրամանատարներն էլ իրենց տեղերում լինեին։

«Իր ընկերներից Հադրութի դաժան անտառներից դուրս եկողներներ են եղել։ Իրենցից մեկն ասաց, որ լավ հրամանատար ունեին իրենց բախտը բերել է, իսկ իրենց հրամանատարն իրենց կողքին չի եղել։ Ես հիմա ուզում եմ հասկանալ` իրենք գիշերները գլուխը բարձին դնելիս հանգիստ կարողանո՞ւմ են քնել»,- ավելացրեց Նարինե Եսայանը։

Սուրեն Եսայանը հուղարկավորվել է հունվարի 11-ին։