«Իմ քայլը» խմբակցությունում չի քննարկվել Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկը։ Այս մասին այսօր՝ մարտի 16-ին, NEWS.am-ի հետ զրույցում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը՝ անդրադառնալով առաջին նախագահի այն հայտարարությանը, որ Նիկոլ Փաշինյանը պետք է անհապաղ հրաժարական տա, ապաստան հաստատի արտերկրում, իսկ վարչապետի պարտականությունները ստանձնի անկուսակցական փոխվարչապետը։
«Ողջամտությունից դուրս առաջարկները չեն կարող քննարկման առարկա։ Ես չեմ մեկնաբանում այդ առաջարկը, որովհետև առաջին նախագահից, ում ես ունեի մեծ համարում որպես խելացի գիտնականի, նման առաջարկ գոնե իրենից չէի սպասում։ Խորապես հիասթափված էի այդ հայտարարությամբ»,- նշեց Տիգրանյանը։
Հերիքնազ Տիգրանյանի խոսքով՝ քաղաքագիտական նոն սենս է, որ ընտրված Ազգային ժողովի և նրա կողմից ձևավորված Կառավարության պարագայում ընտրությունները կազմակերպվեն այլ ուժերի կողմից։
«Եթե կա անվստահություն գործող քաղաքական ուժի նկատմամբ, և գործող քաղաքական ուժը պատասխանատու է այդ հնչեցրած մեղադրանքների նկատմամբ, եթե գտնում է, որ կան ձախողումներ, ապա քաղաքական ուժն ամբողջությամբ տալիս է հրաժարական, և մենք գնում ենք արտահերթ ընտրությունների, հետևաբար՝ որևէ այլ մեկը չի կարող հավակնել լինել ժամանակավոր կառավարություն իբրև թե համընդհանուր համերաշխություն բերելու նպատակով։ Ես դրան էլ չեմ հավատում, որ իրենք կբերեն այդ համերաշխությունը՝ հետևելով իրենց հռետորությանը»,- ասաց Հերիքնազ Տիգրանյանը։
Տիգրանյանի կարծիքով՝ Փաշինյանին սպասվող խորհրդարանական ընտրություններում ընտրակեղծքիների մեջ մեղադրողները չեն կարող վկայակոչել ընտրություններ Փաշինյանի օրոք տեղի ունեցած, որտեղ պարտված ուժերը բողոքարկել են ընտրությունները ընտրակեղծքի հիմքով։
«Ընտրակեղծիքիների մասին խոսում են քաղաքական գործունեություն ծավալած անձինք, որոնց կառավարման տարիներին ամենակեղծված և ձախողված ընտրությունները և ընտրական համակարգն ենք ունեցել։ Ուղղակի ժպիտ է առաջացնում, որ ընտրությունների կեղծման մեջ փորձ ունեցողները ընտրակեղծարարության մեջ փորձ չունեցողին կանխակալ մեղադրում են ընտրություն կեղծելու մեջ»,- նշեց Տիգրանյանը։
Ըստ Հերիքնազ Տիգրանյանի իշխանության՝ մարտի 1-ին կազմակերպված հանրահավաքի ժամանակ իշխանությունը վարչական որևէ ռեսուրս չի օգտագործել․ «Մարդիկ իրենք իրենց միջոցներով գտել են հնարավորություն գալու և հանրահավաքին մասնակցելու։ Եթե որևէ մեկն իրոք ճնշված, ստիպված մասնակցել է հանրահավաքին, ապա կարող է հրապարակային հաղորդում տալ հանցագործության մասին»։
Հերիքնազ Տիգրանյանի խոսքով՝ Վազգեն Մանուկյանի՝ ռազմական հեղաշրջման մասին առաջարկները հակասահմանադրական են։
«Այս ընթացքում ընդդիմադիր գործիչների վերաբերմունքը և տրամադրությունը ամեն անգամ փոխվել է։ Վազգեն Մանուկյանի առաջին պահանջն ուղղակի հակասահմանդրական է և չի կարող քննարկվել։ Դա խոսում է այն մասին, որ մարդիկ, տարիներ շարունակ մնալով քաղաքականության մեջ կամ մնացին 96 թվականի տակ կամ այդպես էլ չհասկացան, որ բանակը չի կարող մասնակցել քաղաքական գործընթացներին։ Մեխանիզմը միայն այն է, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, նա ժամանակավոր պաշտոնակատար և ընտրությունները կազմակերպվեն այս իշխանության օրոք»,- ավելացրեց Հերիքնազ Տիգրանյանը։











