Չեմ կարծում, որ Արցախի ԱԻնախկին փոխնախարար Բորիս Ավագյանը որեւէ աղմկահարույց հայտարարություն է արել։ Այս մասին այսօր՝ ապրիլի 20-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Վարդան Աթաբեկյանը։

Նա հայտնեց, որ երեկ ինքն էր Ավագյանին հրավիրել աշխատանքային քննարկման։

«Բորիս Ավագյանին հրավիրել ենք այստեղ, որպեսզի աշխատանքային քննարկում անենք գերիների հետ կապված հարցերով, տեսնենք՝ ինչպես կարող ենք խումբ ձեւավորել, ու այդ խումբն ինչքան նպաստավոր կլինի։ Իրեն ԱԺ շենքից դուրս ուղեկցելուց իրեն զանգ եկավ, տեղեկացրին, որ Արայիկ Հարությունյանն իրեն ուզում է ազատել աշխատանքից։ Ինձ համար դա շատ անթույլատրելի երեւույթ է, որովհետեւ դրանով հարվածում է նա ՀՀ Ազգային ժողովի ինստիտուտին։ Մամուլում հրապարակեցին, որ նա չի հանդիսանում փոխնախարար, այսինքն՝ ստացվում է, որ ԱԺ պատգամավորները չեն հասկանում՝ ում են կանչում  աշխատանքային քննարկում անելու։ Եթե դուք Բորիս Ավագյանին ազատում եք աշխատանքից, ի՞նչ եք ուզում կանխել, այսինքն, որ այդ աշխատանքային խումբը չստեղծվի, գերիների հարցով չզբաղվեն, նպատակը ո՞րն է։ Ի՞նչ աստիճանի ցանկություն ունեք ազատելու, որ նույնիսկ չեք համբերում հաջորդ օրվան. այսինքն՝ իրեն մի ժամվա մեջ ազատում են աշխատանքից»,- ասաց պատգամավորը։

Անդրադառնալով այն դիտարկումներին, որ Ավագյանը պաշտոնական դիրքն է չարաշահել՝ ԱԺ պատգամավորն ասաց. «Մամուլում հրապարակվել է Ավագյանի ցանկացած խոսք, որտե՞ղ է պաշտոնական դիրքի չարաշահում։ Եթե ինքն իր ունեցած ինֆորմացիան, լավ գիտակցելով՝ որն է գաղտնիք հանդիսանում, որը՝ չէ, կիսվել է պատգամավորների հետ»։

Հարցին, իր կարծիքով, արդյոք Ավագյանը երեկ քաղաքական հայտարարություն չի՞ արել, Աթաբեկյանն ասաց. «Մենք հանդիպել էինք գերիների հարցով զբաղվելու համար, որեւէ քաղաքական բան չկար։ Եկել է խորհրդարան երեկվա միջադեպից հետո քննարկենք, հասկանանք՝ մենք հնարավորություն ունե՞նք շարունակելու։ Նա ասում է՝ Մուրադովը եւ ինքը զբաղվում են գերիների հարցով, ասում է՝ անթույլատրելի է, որ ՀՀ ԱԺ պատգամավորը գերիներին ծնողներին ասում է՝ դիմեք դեսպանին, թող դիմի Վլադիմիր Վլադիմիրիչին. այսինքն՝ մեր քաղաքացին պիտի դիմի մեր պաշտոնյային։ Երբ որոշ հայտարարություններով մեղքը բարդում են Մուրադովին, ինքը համարում է, որ ինչ-որ մասով էլ իրեն են մեղադրում, իսկ ինքը լավ գիտի՝ ինչ ջանք են գործադրել։ Այսինքն՝ որեւէ բան դու չես կարող խոսել, կվերագրեն քաղաքական հայտարարություն»։

Հարցին՝ արդյոք հնարավո՞ր է, որ Հայաստանից են ակնարկել, որ Ավագյանին ազատեն աշխատանքից, Աթաբեկյանն ասաց. «Միգուցե, չեմ կարող բացառել, որովհետեւ որեւէ մեին հասկանալի չի։ Սկզբում իրենք մամուլում շրջանառեցին, որ Ավագյանը չի հանդիսանում, ստացվեց, որ ԱԺ պատգամավորները չեն հասկացել՝ ում հետ են հանդիպում, հետո դա շտկեցին ու ասացին՝ հիմա ենք ազատել։ Երեկ իմ դեմն են եկել, իր ձեռքից համազգեստը, զենքը վերցրել։ Եթե դուք այդպիսի կարգ եք տեսել, որ սրճարանում պաշտոնյայի ձեռքից զենք են վերցնում, համենայն դեպս ինձ ծանոթ չի այդպիսի կարգ»։

Վարդան Աթաբեկյանն ասաց, որ երեկվա աշխատանքային հանդիպումից հետո հաջորդ քայլն այն էր, որ պետք է Արցախ մեկնեին եւ հանդիպեին ԱԺ նախագահի հետ. «Հետո որոշեինք՝ խումբն ինչ ձեւաչափով ենք սարքում։ Այսինքն՝ կանխեցին այդ երեւույթը։ Պաշտոնյան հանդիպում է ՀՀ պատգամավորների հետ, ԱԺ շենքից դուրս չեկած՝ ազատում են նրան աշխատանքից»։

Հարցին՝ արդյոք Ավագյանն իրեն պետական գաղտնիք հանդիսացող որեւէ ինֆորմացիա տրամադրե՞լ է, Աթաբեկյանն ասաց՝ ոչ, չի փոխանցել. «Ավագյանը ԱԻՆ-ի գնդապետ է։ Ինքը հասկանում է՝ ինչ պաշտոն է զբաղեցնում, հասկանում է՝ այդ գաղտնիք փոխանցելու համար ինչ պատասխանատվության կարող է ենթարկվել»։

Անդրադառնալով ԱԺ պատգամավոր Գոռ Գեւորգյանի նկատմամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոշտ արձագանքին՝ Աթաբեկյանն ասաց. «Այդ թիմից դուրս գալուց ամենակոշտ ձեւով եմ թիրախավորվել, անհարգալից կերպով իրենք եկել եմ իմ տուն, ուզեցել են ինչ-որ չափով դրանով լռեցնել։ Ժողովրդի հետ հանդիպելուց լսում ես մեր պասիվության մասին, ասում ես՝ լավ, ես քաղաքականությունս չեմ շարունակելու, գոնե իմ պատգամավորական նպաստը դնեմ, զբաղվեմ գերիների հարցով։ Այն մարդու, որը քաջատեղյակ է գերիների հարցից, աշխատանքային քննարկում ես անում, այդ մարդուն հանում են աշխատանքից»։