ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանն այսօր՝ ապրիլի 21-ին, եկել է Ազգային ժողով։
Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ եկել է պաշտոնաթող դատավորների սոցիալական երաշխիքներն ավելացնող նախագծի հետ կապված քննարկման. «Խնդրել եմ, որ առաջիկա քառօրյա նիստերից մեկի օրակարգում այդ նախագիծն անպայմանորեն ընդգրկեն։ Այսօր մեր դատավոր գործընկերները գնում են թոշակի եւ օրենսդրական կարգավորում չկա»։
Լրագրողի այն դիտարկմանը, որ Ջհանգիրյանին մեղադրում են, թե ինքը եկել է դատավորներին «նստեցնելու», նա արձագանքեց. «Ոչինչ, ես այդ վշտին դիմանում եմ»։
Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 332-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (պաշտոնեական դիրքն օգտագործելով արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը ցանկացած ձեւով միջամտելը):
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։
Նշենք, որ Ռուբեն Վարդազարյանի լիազորություններն այս պահին ժամանակավորապես կասեցվել են՝ պայմանավորված քրեական գործի առկայությամբ, իսկ ԲԴԽ նախագահի պաշտոնը ժամանակավորապես զբաղեցնում է խորհրդի տարիքով ավագ անդամը՝ Գագիկ Ջհանգիրյանը։











