Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիքի մարզ տապալված այցի վերաբերյալ ամբողջ օրը լռելուց հետո կառավարությունը 41 վայրկյան տևողությամբ տեսանյութ է տեղադրել յություբյան էջում, որում մի քանի կապանցիներ ողջունում են Փաշինյանին, դպրոցահասակ մի աղջիկ էլ նրա հետ լուսանկարվում է։

Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը տարածել է այդ տեսանյութը և գրել. «Իսկ Ագարակում եւ Մեղրիում տեղի ունեցածը հայտնի շրջանակների կողմից կազմակերպված գործողություններ են եւ որեւէ կապ չունեն բուն ագարակցիների ու մեղրեցիների հետ»: 

Նշենք, որ առավոտից լրատվամիջոցները լայնորեն լուսաբանում են Փաշինյանի տապալված այցը Սյունիք, որտեղ բնակիչները նրան դիմավորում են հայհոյանքներով ու վիրավորանքներով։ Ուշագրավ է, որ նախկինում իր մարզային այցերը լայվ միացումներով ծայրից ծայր հեռարձակող Փաշինյանն ընդամենը 41 վայրկյան տևողությամբ՝ իր համար նախընտրելի կադրեր է կարողացել ստանալ Ագարակ, Մեղրի, Կապան և Քաջարան այցերից։ 

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ապրիլի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը խիստ գաղտնի պայմաններում ուղեւորվել է Սյունիքի մարզ։ Նրա այցի մասին տեղեկությունը խիստ գաղտնի է պահվել, ուժայիններն այդ մասին իմացել են վերջին պահին, նույնիսկ ճանապարհային ոստիկանությանն ընդամենը կես ժամ առաջ են տեղեկացրել, որ պետք է ուղեկցեն վարչապետին։

Փաշինյանը երեկ գիշերով այցելել էր Շուռնուխ համայնք։ Մամուլում լուրեր են շրջանառվում, որ Փաշինյանին բնակիչները ընդունել են վրդովված եւ սառը։

Իսկ արդեն այսօր Նիկոլ Փաշինյանին հայհոյանքներով եւ բողոքի ակցիաներով են դիմավորել Ագարակում, Մեղրիում, նաեւ Կապանում:

Հիշեցնենք, որ նախօրեին անսպասելիորեն փոխվել են Սյունիքի ոստիկանապետը, նրա տեղակալը, Գորիսի եւ Կապանի ոստիկանապետերը։ Մեկ համայնքից բացի Սյունիքի բոլոր համայնքների ղեկավարները հրապարակավ պահանջել են Փաշինյանի հրաժարականը։