Մենք կողմերին կոչ ենք անում զերծ մնալ ռեւանշիստական եւ ռազմատենչ հռետորաբանությունից, որը կարող է հերթական անգամ տարածաշրջանը պատերազմի եզրին հասցնել: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով նախագահ Իլհամ Ալիեւի սպառնալիքները՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցն ուժով լուծելու վերաբերյալ:
«Մենք ելնում ենք նրանից, որ Բաքվի եւ Երեւանի հայտարարությունները եւ գործնական քայլերը պետք է համահունչ լինեն Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ համաձայնագրերին՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների համաձայն ... Ինչ վերաբերում է հարցին, այդ թվում՝ տրանսպորտային եւ տնտեսական կապերի ապաշրջափակմանը տարածաշրջանում, ապա դա նույնպես տեղավորվում է իմ հնչեցրած տրամաբանության մեջ»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Ալիեւը կրկին բարձրաձայնել է իր պահանջները Զանգեզուրի նկատմամբ: «Մենք իրականացնում ենք Զանգեզուրի միջանցքը, ուզում է Հայաստանը, թե ոչ: Եթե նա ուզում է, մենք այս հարցն ավելի հեշտ կլուծենք, եթե ոչ, մենք այն ուժով կլուծենք»,- ասել էր նա: Ալիեւը հավելել էր, որ «101 տարի անց ադրբեջանական ժողովուրդը կվերադառնա Զանգեզուր»:











