Հանդիպումն եղավ Քննչական կոմիտեի համապատասխան ներկայացուցչի հետ. բարձրացվեց հարցը, որ լինի օբյեկտիվ քննություն, քանի որ մենք տեսնում ենք, որ կան ինչ-որ դրվագներ, երբ վարչապետի կողմից համապատասխան իրավական նորմեր են խախտվում: Այս մասին, այսօր՝ ապրիլի 22-ին, ՔԿ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արտակ Թովմասյանը։

«Այսինքն կարող ենք գնահատական տալ, որ տեռոր է կառավարության կողմից  իրավապահ մարմինների վրա: Այս քրեական գործերը հարուցվել են հիմնականում այդ ճնշման հիման վրա: Տեսնելով, թե ինչ է կատարվում մեր երկրում, ճգնաժամը որում գտնվում ենք իշխանությունների անգործության հետեւանքով, որոշեցինք գալ ու տեսնել ինչով կարող ենք օգտակար լինել Մեղրիի քաղաքապետի եւ մյուսների հետ կապված:

Երկու քրգործ է հարուցվել, որով անցնում են 16 հոգի: Հավաստիացրեցին, որ կտարվի օբյեկտիվ հարցաքննություն, որի արդյունքում մենք կարող ենք ներկայացնել մեր մոտեցումները»,-ասաց նա:

Թովմասյանը կարծիք հայտնեց, որ իշխանություններն ուզում են հանրային կարծիք փոխել, քաղաքական գործիչների վրա ճնշում գործադրել, դրանով հասկացնել ժողովրդին, որ նստեք տեղներդ, չփորձեք դուրս գալ, որովհետեւ եթե դուրս գաք, նույնությամբ մյուս շրջաններում այցի ժամանակ գյուղապետերը, քաղաքապետերը կհայտնվեն նույն վիճակում:

«Անելու ենք ամեն ինչ կառավարության հրաժարականին հասնելու համար, եթե կառավարությունը այսօրվա իշխանությունները այդպիսի օրինական մոտեցումներ ունեն, ուզում են օրինականություն հաստատել երկրում, թող համապատասխան քայլեր անեն մեր երկրի անվտանգությունը պաշտպանելու համար»,-ասաց նա: