Չի կարելի գնալ ընտրությունների, դա սխալ է. ես արդեն ասել եմ, որ դա մեր երկիրը նոր պրոբլեմի առջեւ է կանգնեցնում: Այս մասին, այսօր՝ ապրիլի 22-ին, ՔԿ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արտակ Թովմասյանը։
«Մենք կունենանք նոր կորուստներ թե մարդկային, թե տարածքային: Նիկոլ Փաշինյանն իրավունք չունի հայտարարել, որ գնում է ընտրության, միակ ճիշտ քայլը, որ նա կարող է անել, հրաժարական տալն է: Դա կլինի մեր երկրի համար ամենակարեւոր քայլերից մեկը: Նա ոչ թե պետք է գնա ընտրության, այլ գնա տուն: Հետո իրավապահ մարմինները կզբաղվեն պատերազմի ժամանակ տեղի ունեցածի հետաքննությամբ եւ կտան գնահատականը»,-ասաց նա:
Թովմասյանը հավաստիացրեց, որ շարունակելու են իրենց պայքարը. «Երրոդ ուժը» հրավիրել է հանդիպման դուխով իմքայլականներին, Մակունցին, հանձնաժողովների նախագահներին, բայց ոչ մեկը չի արձագանքելն եւ չի եկել հանդիպման: Ես հիմա ասում եմ՝ Նիկոլ, արի վաղը հանդիպի, հանրային ձեւով, տեսախցիկների տակ մեզ հետ: Ուզում ես տետ ա տետ հանդիպենք, ես եւ դու: Հանդիպենք, խոսենք ձեր ուզած տեղը, ձեր ուզած ժամին: Կգա՞»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ խիստ գաղտնի պայմաններում Սյունիքի մարզ մեկնած Նիկոլ Փաշինյանին երեկ մարզի տարբեր քաղաքներում բնակիչները դիմավորել էին հայհոյանքներով եւ վիրավորանքերով։ Սյունեցիները պահանջել են՝ հեռանալ մարզից։
Քաջարանցիները փակել էին քաղաք մտնող ճանապարհը, այդպիսով Փաշինյանն ընդհանրապես չէր կարողացել Քաջարան մտնել։ Փաշինյանի հետ մարզ են գնացել մեծ թվով ոստիկաններ, ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատը եւ անվտանգության մեծ թվով աշխատակիցներ։ Փաշինյանը փողոցներով քայլում է մեծ թվով անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ։











