Իմ անձնական մոտեցումն այն է, որ այն փաստաթղթերը, որոնք ստորագրվել են եւ պատրաստվում են ստորագրվել, լեգիտիմ չեն: Այս մասին, այսօր՝ մայիսի 20-ին, ՀՔԾ-ի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ նախկին փոխվարչապետ, «Հայաստան» դաշինքի շտաբի պետ Արմեն Գեւորգյանը՝ անդրադառնալով նախօրեին մամուլում հրապարակված ՀՀ-ի, ՌԴ-ի եւ Ադրբեջանի միջեւ եռակողմ հերթական փաստաթղթից մի հատվածին:
«Դրանք մեր իրավական դաշտում գոյություն չունեցող փաստաթղթերի տեսակներ են: Մենք չենք կարող պետական սահմանները որոշել ինչ-որ հայտարարություններով, պետք է լինեն միջպետական պայմանագրեր: Բոլորը դա պետք է հասկանան:
Երկրորդ, եթե այնտեղ կան նախապայմաններ, պետք է հասկանանք՝ ինչի մասին է խոսքը, ով ում ինչ պայման է դրել; Մենք տեսել ենք փաստաթղթի մի հատվածը, որն արդեն անհանգստացնող է: Դուք պատկերացնում եք՝ այսօր նախընտրական փուլում գտնվող իշխանությունը պետության համար վճռորոշ փաստաթուղթ է քննարկում մեր թշնամու հետ ու մենք չգիտենք, թե ինչ փաստաթուղթ է: Դա զավեշտ է»,-ասաց նա:











