Քարտեզագրում կատարվել է տարբեր տարիների, իսկ մենք հիմա խնդրում ենք, որ Ռուսաստանը գա և մեր փոխարեն քարտեզագրում անի։ Այս մասին այսօր՝ մայիսի 20-ին, Չարենցավում քաղաքացիների հետ հանդիպումից հետո՝ լրագրողների հետ զրույցում նշեց «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Երվանդ Թարվերդյանը՝ անդրադառնալով Սյունիքի և Գեղարքունիքի սահմանային վիճակին։
«Նիկոլ Փաշինյանը՝ որպես գերագույն գլխավոր հրամանատար, թող բարի լիներ պատերազմից հետո սահմանագծով մարդ կանգնեցներ, մենք բոլորս պատրաստ կլինեինք սահմանին կանգնել, որ չպատճառաբանվեր՝ չունենք բանակ։ Եթե չես կարողանում բանակ ստեղծել, գնա, թող ուրիշը ստեղծի։ Գնա ինքդ կանգնիր սահմանին, տես՝ քանի հոգի կգա քո հետևից։ Փաստաթուղթը դեռ չի ստորագրվել, բայց նրանք ցնծությամբ հաղթանակ են համարում, որ սահմանազատման նոր տարբերակ են որոշել։ Աշխարհում չկա սահմանազատման նոր տարբերակ։ Ուղղակի մարդիկ չեն կարողանում պահել հայի պատիվը։ Ի՞նչ ենք ուզում, որ գան, հասնեն մեր տնե՞րը։ Իր տունը որ հասնեն, նոր ոստիկաններին կասի՝ կրակեք, արդեն եկել են իմ հետևից»,- ասաց Երվանդ Թարվերդյանը։
Երվանդ Թարվերդյանի խոսքով՝ իրենք էքստրեմալ գործողությունների չեն գնալու, սպասելու են ընտրություններին․ «Կարծում եմ՝ ցանկացած փաստաթուղթ, որը կստորագրվի, երեսուն օր հետո հնարավոր կլինի չեղարկել։ Մենք թույլ չենք տա, որ վարվեն այն դիրքից, որը մեր պետության շահերից չի բխում»։











