Ես չեմ կասկածում, որ իրավիճակը ամենայն հավանականությամբ վերահսկվում է մեր ՊՆ-ի կողմից եւ այդ դժվար իրողությունը, որ ստեղծվել է, դրա վերջնական լուծմանը հանգելեւ համար պետք է համբերություն: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով Սյունիքում եւ Գեղարքունիքում Ադրբեջանի հետ սահմանին ստեղծված իրավիճակին:

«Պետք է աշխատել խուսափել այնպիսի իրավիճակներից, որը հնարավորություն կտա մեր հակառակորդին սադրիչ քայլեր անել: Որովհետեւ, երբ հատում են ՀՀ սահմանը, դա նշանակում է, որ հատվում է ՀԱՊԿ-ի միասնական սահմանը: Նման դեպքում մենք դիմում ենք ՀԱՊԿ-ին այդ կառույցի կանոնադրության համաձայն, ինչն էլ արվել է: Մենք հիմա սպասում ենք, որ ՀԱՊԿ-ն իր քայլերը կատարի»,-ասաց նա:

Հարցին, թե այդ ինչպես պատահեց, որ թշնամին առանց մեկ կրակոցի կարողացավ առաջ քալ, Հովիկ Աղազարյանն ասաց. «Սահմանների կահավորման հետ կապված ասեմ, որ ցավալի իրողություններից հետոմենք ունեցել ենք մի քանի 100 կմ առաջնագիծ, որը այսքան կարճ ժամանակահատվածում իրատեսական խնդիր չի: Ես չեմ արդարացնում իշխանություններին, բնականաբար, դա բացթողում է, գոնե կարելի էր տարբերակում դնել՝ որ հատվածը երբ կահավորել: Բայց բոլոր դեպքերում այնպիսի հատված չկա, որ քիչ կահավորման կարիք ուներ: Ես համոզված եմ, որ այս սահմանային միջադեպը լուծելու ենք վաղը, մյուս օրը»:

Նա բացառեց, որ հարցը կարող է լուծվել այլ հատվածում տարածք զիջելով. «Չկա այդպիսի բան: Ի՞նչ տարբերություն որ մասից ես տարածք տալիս, տարածքը տարածք է, բոլորն էլ հայրենիքի մաս են: Հարցը կլուծվի այնպես, որ հակառակորդը դուրս կմղվի մեր սահմաններից եւ կզբաղեցնի իր սահմաններում դիրքերը: Մենք պետք է ամեն ինչ անենք այնպես հստակ, որ որեւէ մեկը ՀԱՊԿ-ում չկարողանա շահարկելու հնարավորություն ունենա: Եթե մենք կարողանայինք հենց առաջին վայրկյանից ռազմական գործողություններով այդ հարցերը լուծել, մենք դա կանեինք: Բայց մենք ՀԱՊԿ-ի մեջ ենք եւ պարտավոր ենք հաշվի առնել մեր գործընկերների կարծիքը, պահվածքը»: