Բա եթե սահմանազատման գործընթաց չսկսենք, եւ ես չգիտեմ, թե Ադրբեջանի հետ հարաբերությունները երբ կկարգավորվեն, հո ամեն անգամ նման միջադեպերի դեպքում պատերազմ չե՞նք սկսելու: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

«Պետք է սահմանազատումը տեղի ունենա, որ Պուտինի համար, Լուկաշենկոյի համար, ՀԱՊԿ-ի մյուս երկրների համար հստակ կլինի, թե Հայաստանի մասով ՀԱՊԿ-ի սահմանը որտեղով է անցնում: Եթե վաղը ինչ-ինչ պատճառներով ՀԱՊԿ-ը չգնի, որ սա ՀԱՊԿ-ի սահմանային խնդիրն է, մենք պետք է ուժի միջոցով մեր հարցերը լուծենք: Այսինքն երբ տեսնենք, որ ՀԱՊԿ-ի տեսակետը մեր շահերի հետ չի համընկնում, մեր իշխանությունը կդիմի ինքնուրույն քայլերի»,-ասաց նա:

Հարցին, թե ի՞նչ պետք է անեն սահմանամերձ տարածքների քաղաքացիները, երբ ադրբեջանցիները, որոնք գողանում են հայերի անասունները, մի օր էլ կարող են օրինակ երեխաներին առևանգել, Աղազարյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ այդ անհանգստությունները տեղին են: Հա, կարող ա պատահի ասենք անասուններն իրենց արոտ անելիս, ադրբեջանցիները մոտենան սահմանային կետերին ու անշնորհքավարի  իրենց թույլ տան ինչ-որ քայլեր կատարել: Ես չեմ բացառում, որ կարող ա պատահի մեր կողմից էլ նմանատիպ բաներ տեղի ունենան: Բայց դե հիմա դա այն երևույթները չեն, որ մենք դրանով պատերազմ սկսենք»: