Հայաստանը սահմանի սահմանազատման եւ գծանշման մասին փաստաթուղթը չի ստորագրի, քանի դեռ ադրբեջանական կազմավորումները չեն լքել Հայաստանի տարածքը: Այս մասին մայիսի 26-ին Հայաստանի Ազգային ժողովի նիստին ասաց, պատասխանելով պատգամավորների հարցերին, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Ըստ վարչապետի պաշտոնակատարի` ի սկզբանե ենթադրվում էր, որ կողմերը ժամանակավորապես կհաստատվեն նախկին խորհրդային սահմանի երկայնքով, մինչեւ վերջնական սահմանի որոշումը:
«Վերջին գործողություններով Ադրբեջանը փաստացի ձախողեց այս գործընթացը: Հետագա բանակցությունները կարող են տեղի ունենալ միայն Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերի տարածքից դրա զորքերի դուրսբերումից հետո»,- շեշտեց Փաշինյանը:
Թե ո՞ւմ կողմից եւ ե՞րբ էր «նախատեսվում» տեղակայումը, ե՞րբ ձեռք է բերվել պայմանավորվածությունը, ի՞նչ գրավոր փաստաթղթերի կամ բանավոր պայմանավորվածությունների հիման վրա` որ Փաշինյանը հարկ չհամարեց հայտնել:











