Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը պետք է պատասխանատվություն կրի թշնամու կողմից երկրի տարածքային ամբողջականության խախտման համար, այն բանի համար, որ հակառակորդի ուժերը մտել են մեր տարածք: Այս մասին մայիսի 27-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ խորհրդարանի անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

Ըստ նրա` Դավթյանը պատշաճ կերպով չի կատարում իր աշխատանքը: Նա հավելեց, որ Պաշտպանության նախարարությունը եւ Գլխավոր շտաբը պետք է բացատրեն, թե ինչու է դա տեղի ունենում, ինչու հայկական կողմից համաչափ քայլեր չեն ձեռնարկվում:

«Պաշտպանության նախարարությունը եւ Գլխավոր շտաբը պետք է պահպանեն մեր սահմանները: Պետք է հասկանալ, թե դրա համար ինչ խոչընդոտներ կան, ինչ գաղտնի, անհնարին իրավիճակներ են առաջացել, ումից ենք մենք օգնություն խնդրում: Եթե ​​դու չես ուզում քեզ պաշտպանել, ոչ ոք չի գա քեզ պաշտպանելու` անկախ նրանից, թե ուր ես դիմում` Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, թե որեւէ այլ տեղ»,- շեշտեց պատգամավորը:

Թովմասյանը նշեց, որ Հայաստանի իշխանությունները, ինչպես միշտ, մեղքը բարդում են ուրիշների վրա, այդ թվում` ՀԱՊԿ-ի: «Այսօրվա խնդիրները վաղուց էին տեսանելի ինձ համար, ինչի մասին ես մասամբ խոսել եմ: Ադրբեջանցիները եկան, քանի որ մենք մեր դռները բացեցինք նրանց համար: Ես արդեն ասել եմ, որ շփման գիծը հագեցած չէ, ադրբեջանցիները նույնպես տեսել են այդ ամենը, ընդ որում` մոտ հեռավորությունից: Դիրքերը վերազինելու մասին մեր կողմից հրաման չի եղել: Այդ սխալները պետք է շտկվեն: Մենք ծանր վիճակում ենք: Ստացվում է, որ մեզ գերեվարել են մեր իսկ տարածքում: Ես չգիտեմ, թե հետեւանքներն ինչպիսին կլինեն»,- եզրափակեց պատգամավորը: