Իրավիճակը սահմանի այդ հատվածում շարունակում է նույնը մնալ, իհարկե կա լարվածություն, որովհետեւ մայիսի 12-ից սկսած գիտեք, որ Կութ եւ վերին Շորժա բնակավայրերի հարակից հատվածներում մենք ունենք Ադրբեջանի բանակի ներկայացուցիչներ մեր սուվերեն տարածքում: Այս մասին, այսօր՝ մայիսի 27-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:
«Գիտեք այսօրվա միջադեպի մասին, որը դատապարտելի է»,-ասաց նա:
Հարցին, թե ինչու հայկական կողմը հենց սկզբից գերի չվերցրեց ադրբեջանցի զինծառայողներին ու համարժեք պատասխան չտվեց, արդյոք կա հրաման, որ որեւէ ադրբեջանցի գերի չվերցնեն, Սանոսյանն ասաց, որ չի կարող այդ հարցին պատասխանել, այդ հարցերով զբաղվում է ՊՆ-ն եւ գլխավոր շտաբը. «Եվ կամավորները, եւ համայնքի ղեկավարները ընդամենը աջակցում են ՊՆ-ի գործողություններին: Ոչ մի տեղ համայնքի ղեկավարը գլխավոր բանակցող չի հանդսիանում: Կարող է այնպես լինել, որ մեր ԶՈՒ գործընկերների հետ որեւէ համայնքի ղեկավար մասնակցի, ներկա լինի, բայց գլխավոր բանակցողը նրան են»:
Սանոսյանը խոստովանեց, որ մինչեւ այս պահը դիվանագիտական աշխատանքն արդյունք չի տվել, քանի որ մինչեւ այսօր Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողները գտնվում են Հայաստանի սուվերեն տարածքում. «Համամիտ եմ, որ գնալով վիճակը կարող է ավելի լարվել, որովհետեւ իրավիճակը անընդհատ չի կարող այսպես շարունակվել: Մարդիկ են, զինվորներ են, նյարդեր են, անընդհատ կարող է ինչ-որ միջադեպ տեղի ունենալ, որը կարող է անկանխատեսելի հետեւանքների բերել: Դրա համար մեր կոչը, հորդորը եւ մեր կողմից արվող աշխատանքը հետեւյալն է, որ ժամ առաջ դիվանագիտական ճանապարհով խնդիրը լուծվի:
Դիտարկմանը, որ արդեն լուրեր կան, որ Գեղարքունիքում սահմանին կրակոցներ են հնչում, մարզպետն ասաց, որ վերջին 1-1,5 ժամվա իրավիճակին տեղյակ չէ, քանի որ եղել է կառավարության նիստում:
Հարցին, թե ինչ կարևոր հարցեր են քննարկվում, որ մարզը թողել ու եկել է Երևան, մարզպետն ասաց, որ նիստի դռնփակ հատվածում մարզին վերաբերող հարցեր են քննարկվել, որին իր ներկայությունը պարտադիր է, հիմա վերադառնում է մարզ:











