Ես չեմ կարող ՊՆ-ի եւ ԳՇ-ի փոխարեն պատասխանել, ես տեսնում եմ, որ սրանք օր առաջ պետք է գնան եւ գան մարդիկ, որոնք ի վիճակի է այս հարցի լուծումը տալ: Այս մասին գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով ՀՀ սահմաններին տիրող իրավիճակին:

«Լավ եթե ուժդ չի պատում, էդքան խայտառակ չոքած վիճակում ես, գնա Ռուսաստանի հետ խոսի, ասա՝ արի քո դրոշները մի տարով դնենք, պահենք, մինչեւ ես ոտքի կանգնեմ: Ես համարում եմ, որ 6 ամիսը բավարար էր բավարար չափով պայմանագրային զինծառայողներ զորակոչել, նորմալ փող տալ, որ մարդիկ գնան, բավարար խտությամբ պոստերը շարել, կահավորել եւ ամեն ինչ անել, գիծը պահել: Եթե չես կարողացել, ուրեմն քո դաշնակից երկրին դիմիր, ասա՝ ինձ մի տարով էդ լուֆտը տուր, այս հարցը լուծենք, այսպիսի միջադեպերից խուսափելու համար, բայց դու այդ մի տարում էդ գործը պետք է անես: Նա չի գալու հավերժ պահի:

Մենք անընդհատ ասում էինք՝ պատերազմ է լինելու, իրենք բանակը կրճատում էին: Դրա համար պետք է ամեն ինչ անենք, որ այս իշխանությունները չվերարտադրվեն:

Եթե մարդն ասում է՝ բանակն ամայի տարծքները պահելու համար չի, պետք է այդ մարդու վզից բռնեք, բերեք սահմանին պոստավոյ դնեք, որ հասկանա՝ դա ամայի տարածք է, պահելու անհրաժեշտությունը կա, թե չկա»,-ասաց նա:

Քոչարյանը նաեւ նկատեց, որ եթե դու բանակ չունես, քաղաքացու անվտանգությունը չես կարողանում ապահովել, ուրեմն պետք է այդ քաղաքացուն զենք տաս, ուսուցանես զենքի կանոնները. «Գիտե՞ք ինչի չեն տալիս: Իրենք իրենցից են վախենում: Ամբողջ ոստիկանությունը սարքել են ՊՊԾ-ի ծառայություն»,-ասաց նա: