Մեր արոտավայրերի ու խոտհարքի 50%-ից ավելին գտնվում է թուրքերի վերահսկողության տակ, 10–ից 15%-ն էլ վտանգավոր է անասունների արածելու  համար։ Այս մասին այսօր՝ մայիսի 27–ին,  Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի բնակիչներից մեկն ասաց՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։

«Թուրքերը մտել են մեր հողերը, եկել են մեր արոտավայրերից մեր չոբանին լարել, թե  փախի էստեղից։ Մեր գյուղի ժողովուրդը հիմնականում անասնապահությամբ է ապրում, գյուղը շատ դաժան վիճակում է գտնվում»,– դիմելով վարչապետի պաշտոնակատարին՝ ասաց բնակիչը։

Մեկ այլ բնակիչ էլ տարակուսանք հայտնեց՝ թե ինչու է մեր գերիների  հարցով զբաղվում ռուս խաղաղապահ ուժերի հրամանատար Ռուստամ Մուրադովը։

«Բա մեր ղեկավարները որտե՞ղ են, որ մենք վստահում ենք Մուրադովին»,– ասաց նա։

Փաշինյանն ի պատասխան ընդգծեց, որ ԱԳՆ–ն, ԱԱԾ–ն, ինքը եւ այլ պատկան մարմիններ զբաղվում են գերիների հարցով, իսկ Մուրադովը միջնորդական գործունեություն է կատարում, քանի որ խաղաղապահների լիազորությունների շրջանակն ընդգրկում է նաեւ գերիների փոխանակության հարցը։