Անցյալ տարի հոկտեմբերին Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղում բնակարանային գողության փորձ էր եղել։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ պատուհանով մտել էին տուն, սենյակները տակնուվրա անելուց հետո գողանալու հարմար բան չգտնելով՝ հեռացել էին։ Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողներն օպերատիվ կառավարման կենտրոնից այս մասին տեղեկանալով՝ մեկնել էին Սարուխան և դեպքի վայրի զննությունից հետո հետախուզական միջոցառումներ սկսել։

Քրեական հետախույզների հետևողական աշխատանքի շնորհիվ դեպքից ամիսներ անց տեղեկություններ ստացվեցին, որ գողության փորձը կատարել է Գավառ քաղաքի 20-ամյա մի բնակիչ։

Գեղարքունիքի մարզային վարչության և բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ մայիսի 25-ին կասկածվողը ներկայացավ ոստիկանության Գավառի բաժին և տվեց խոստովանական բացատրություն։

Պարզվել է՝ հոկտեմբերի վերջին նա նույն եղանակով Սարուխան գյուղի մեկ այլ տնից էլ էր փորձել գողություն անել, բայց դարձյալ հարմար բան չգտնելով՝ հեռացել էր։

Բերման ենթարկված 20-ամյա երիտասարդը ներկայացվել է Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն։

Հարուցված քրեական գործերի նախաքննությունը շարունակվում է: