Ադրբեջանի կողմից մեծ քանակով ապատեղեկատվություն է շրջանառվում, կխնդրեմ դա որպես խայծ որեւէ մեկը չվերցնի: Այս մասին, այսօր՝ մայիսի 27-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը՝ անդրադառնալով սահմաններին տիրող իրավիճակին:

«Ինչ որ անհրաժեշտ է ՊՆ-ն թույլատրելիի սահմաններում ամեն ինչ ներկայացնում է: Մի կասկածեք, որ մեր 6 գերիների մասին բոլորը մտածում են, ես ավելի շատ եմ մտածում, քան դուք: Բայց սրանք այնքան նուրբ հարցեր են, որոնք կարող են մանիպուլացվել»,-ասաց նա:

Փոխնախարար Արման Սարգսյանի խոսքով, ՊՆ-ն իրականացնում է ամեն ինչ եւ իրականացնելու է, որպեսզի սադրանքների չտրվի:

Հարցին, թե ինչքան է հանդուրժողական մոտեցում ցուցաբերելու մեր բանակը, նա արձագանքեց. «Բանակը իր գործողություններն իրականացնում է անհրաժեշտ վերլուծությունների հիման վրա: Մեր կողմից իրականացվում են բոլոր քայլերը՝ իրավիճակը շտկելու համար։ Ամեն ինչ իրականացվում է, որ չկրկնվեն նման դեպքեր, եւ ամեն ինչ արվում է, որ մեր գերեվարված զինծառայողները վերադառնան հայրենիք»,–նշեց Սարգսյանը։

Վերջինս հորդորեց հետևել միայն պաշտոնական հաղորդագրությանը․ «Իմ և ձեր գործողությունները պետք է լինեն սինխրոն՝ հետևել պաշտոնական հաղորդագրություններին»։