Իրավիճակը լարված է եւ պայթունավտանգ: Այս մասին Գեղարքունիքի մարզից վերադառնալիս ֆեյսբուքյան լայվով ասել է ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Իրադրությունը լարված է, չեմ կարող սա թաքցնել: Ինչո՞ւ է լարված իրադրությունը, որովհետեւ երբ որ ադրբեջանական զինված ուժերի որոշ ստորաբաժանումներ մուտք են գործել մեր տարածք, մեր զինված ուժերի ստորաբաժանումները իրենց առաջխաղացումը կանգնեցրել են եւ դեմ դիմաց կանգնել են: Վերջին օրերին տեսել եք այդ տեսանյութերը` մի դրվագում մերոնք են հետ հրել նրանց,մեկ այլ դրվագում նրանք են փորձել մերոնց հետ հրել: Եւ այնպես է ստացվել, որ հիմա մեր եւ Ադրբեջանի զինվորները էսպես շատ իրար մեջ հյուսվել են, ընդ որում դա վերաբերում է ոչ միայն երկրորդ բանակային կորպուսի հատվածին, այլ նաեւ առաջին բանակային կորպուսի հատվածին: Եւ հիմա մեկ շաբաթից ավելի դեմ դիմաց կանգած են, լարումը մեծանում է եւ լինում են միջադեպեր եւ մեր զինվորները փորձում են կասեցնել: Սա առաջին արձանագրումը: Այդ առումով իրավիճակը լարված է եւ պայթունավտանգ»,-ասաց նա:
Փաշինյանի խոսքով`մեր զինված ուժերը, գեներալները սպաները շատ ուժեղ ճնշման տակ են. «Մի կողմից ճնշումն այն է, թե ինչու հակաահաբեկչական գործողություն չեն սկսում, մյուս կողմից ճնշումն այն է, որ ցանկացած գործողություն ինքը զուգորդվում է հաջողությամբ եւ անհաջողությամբ»:
Ավելի ուշ Փաշինյանը հեռացրել է իր ֆեյսբուքյան էջից այս տեսանյութը:











