Ցանկացած նման առաջարկում, որ հնչում է Նիկոլ Փաշինյանի շուրթերից, միշտ պետք է վտանգ տեսնել։ Այս մասին այսօր՝ մայիսի 28-ին, Արամ Մանուկյանի արձանի մոտ՝ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այն առաջարկին, որ հայկական եւ ադրբեջանական ԶՈՒ-երը հետ քաշվեն Սոթք-Խոզնավար հատվածից եւ այդտեղ բերվեն միջազգային դիտորդներ։
«Նախ ակնհայտ դարձավ, որ դա մշակված չէ, համաձայնեցված չէ, որովհետեւ այն հրաժարականները, որոնք հետեւում են դրան, դրա վառ ապացույցն են։ Այսինքն՝ առանց հաշվարկելու արդյունավետությունը, հետեւանքները, առանց համապատասխան դիվանագիտական աշխատանք տանելու, նման բաները միշտ կարող են ավելի վատ տեղ տանել։ Մենք մինչեւ հիմա Նիկոլ Փաշինյանից դա ենք տեսել։ Երբ իրենք ուզում են հոնքը սարքել, միշտ պետք է վտանգ տեսնել, որ կարող է՝ աչքն էլ հանեն։ Այս ամենն իսկապես լավ բանի մասին չի խոսում, մենք պետք է շատ զգոն լինենք, զգույշ լինենք, որ հերթական անգամ լավ չնախապատրաստված եւ նեղ շրջանակով մշակված, ԱԳ նախարարի կողմից աջակցություն չունեցող առաջարկը կարող է ճիշտ հակառակ էֆեկտը տալ»,- նշեց Ռուստամյանը։
Արա Այվազյանի՝ ԱԳ նախարարի պաշտոնակատարի պաշտոնից հեռանալուն անդրադառնալով՝ Ռուստամյանն ասաց. «Իրեն հարգող ցանկացած դիվանագետ ակնհայտ է, որ պետք է այս ամեն ինչի դեմ ընդվզի, որովհետեւ ամեն անգամ բոլորի թիկունքում, դիվանագետներից թաքուն մի գործ անել, որի ուղղակի պատասխանատուն այդ գերատեսչությունն է, ուղղակի արհամարհանք է ոչ միայն ԱԳ նախարարության, այլ նաեւ պետականության հանդեպ. սա Նիկոլ Փաշինյանի գործելաոճն է։ Որեւէ կայացած դիվանագետ այսպիսի բաներին երկար դիմանալ չի կարող։ Շատ նորմալ եմ համարում, աննորմալ եմ համարում, որ մինչեւ հիմա դա չեն արել, որովհետեւ այդ կապիտուլյացիայից հետո առնվազն այդ բոլոր քայլերը պետք էր կատարել»։
Ռուստամյանի խոսքով՝ այդ ամենը վկայում է այն մասին, որ մենք չունենք կայացած ինստիտուտներ. «Ինստիտուտներն արհամարհված են, քանդված են, այդ մարդիկ այդտեղ անելիք չունեն։ Ժամանակն է, որ բոլորը սահմանազատվեն այդ անձից»։
Դաշնակցական գործիչն ասաց, որ այդպիսի հայտարարություն անելը դիվանագիտական հսկայածավալ աշխատանք է ենթադրում. «Այն տեղի չի ունեցել, հակառակ պարագայում հրաժարականների այս շքերթը մենք չէինք տեսնի։ Սա խոսում է մի չմտածված արարքի մասին»։











