Հերոս տղաների գերագույն գլխավոր հրամանատարը չի կարող լինել մի մարդ, որն ընդհանրապես զենք բռնել չգիտի։ Այս մասին այսօր՝ մայիսի 29-ին, լրագրողների հետ հանդիպմանը նշեց Երկրորդ Արցախյան պատերազմի մասնակից Մանվել Մանուկյանը։
«Դիվանագիտական պարտության պատճառով պարտվել է զինվորը։ Իրենք հրահրել են պատերազմ և ամեն ինչ թողել են հասարակ զինվորի, կամավորի ուսերին ու քաշվել աջ կամ ձախ։ Այդքան կես մարդ դարձած տղերք կան, Նիկոլ Փաշինյանն ասում է՝ իմ տղան կռվել է թեժ կետերում։ Թուրքական պրոֆիլներ կան, որոնք աջակցում են այսօրվա իշխանությանը։ Նիկոլ Փաշինյանը տասը հազարից ավել ֆեյքերի ՊՈԱԿ ունի, որը բուծվում է պետության բյուժեից։ Նա այդ գումարները ծախսում է, որպեսզի վիրավորանքներ գրի վիրավոր տղերքին»,- ասաց նա։
Պատերազմի մասնակցի կարծիքով՝ այժմ անհրաժեշտ է համախմբված լինել և պայքարել հանուն հայրենիքի, որպեսզի զոհված տղաների արյունն անիմաստ չկորչի։
«Այսօր օրհասական պահ է։ Մեր ընկերները երբ զոհվել են, մենք խոստացել ենք պայքարել և թույլ չտալ, որ մեր հայրենիքը հանձնվի թուրքին։ Հանձնվելը ուղղակի կնշանակի դավաճանություն այն տղաների հանդեպ, որոնք իրենց կյանքը չխնայեցին այս սուրբ հողի համար։ Այս վեց ամիսների ընթացքում մենք տարբեր բուժումների մեջ ենք եղել հազիվ մեր առողջական կարգի էլ չենք կարողացել բերել, սակայն ժամանակ չկա սպասելու։ Քաղաքական պրոցեսներն այնքան էլ կարևոր չեն մեզ համար, որովհետև սահմանին խնդիրներ կան»,- ընդգծեց Մանվել Մանուկյանը։
Մանվել Մանուկյանը նշեց, որ ինքը պարտադիր զինվորական ծառայությունն անցկացրել է 2014-2016 թվականներին, և այդ ժամանակ զինվորի մտածողության մեջ թշնամուն լարելու, ծեծելու, հայհոյելու հասկացություն չկար։
«Մեզ համար եղել է հետևյալ խնդիրը՝ հակառակորդին հայտնաբերելուն պես հակառակորդին ոչնչացնես կամ եթե հնարավորություն կա գերի վերցնես։ Ու այն որ հիմա ասում են եթե կրակենք պատերազմ կսկսվի, ուղղակի աբսուրդ է։ Ուրեմն ի՞նչ՝ պետք է թողնենք, որ Երևա՞ն հասնեն։ Իրենք ուղղակի գաղափար չունեն բանակից»,- ավելացրեց Մանվել Մանուկյանը։











