Ամբողջ քարոզարշավի ընթացքում «Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզարշավի բոլոր տեսակի տեխնոլոգիաները ամբողջությամբ տարբերվելու են նախկինում արվածից։ Այս մասին այսօր՝ մայիսի 29-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, բարձր պատասխանատվություն ունենալով քաղաքական և պետական կառավարման համակարգում՝ որպես օրենսդիր իշխանության մի դերակատար, պետք է այնպես վարվի, որ պետականության հենասյուներում խարխլում տեղի չունենա։ Կուսակցությունը, որպես պետականամետ ուժ, կանգնած է պետականության հիմքերում և ամեն ինչ անելու է, որ մենք ընդդեմ թշնամու հանդես գանք ուժեղի դիրքերից։ Մենք ամեն ինչ անելու են, որ մեր պետության ճակատը միասնական կարողանանք ներկայացնել»,- նշեց նա։
Էդմոն Մարուքյանի խոսքով՝ հետպատերազմյան շրջանում, երբ դիվանագիտության մեծ կարիք կա, մնալը առանց արտաքին գործերի նախարարի, խայտառակություն է։ Դա նույն է, ինչ պատերազմի ընթացքում պաշտպանության նախարար չունենալը։
«Ըստ էության, շատ անելիքներ ունենք արտաքին ճակատում։ Մեծ ցավով պետք է ասեմ, որ այսօրվա սահմանադրական կարգավորումների արդյունքում չենք կարող նշանակել ԱԳ նախարար, որն այսպիսի պայմաններում հրաժարական է գրել, իսկ Հայաստանը չի ունենա ԱԳ նախարար մինչև ընտրությունների ավարտը, երբ ձևավորվի նոր ուժ: Սա մի խայտառակ իրավիճակ է, որում մենք հայտնվել ենք։ Մենք պատրաստ ենք աջակցել մեր պետական ինստիտուտներին մեր գիտելիքներով, կապերով, մասնագետներով»,- ասաց Էդմոն Մարուքյանը։
Մարուքյանը բարձրաստիճան պաշտոնյաներին հորդորեց հրաժարականներ չներկայացնել այժմ՝ վերջին պահին, երբ երկիրը ծանր վիճակում է։
«Կոչ եմ անում բոլոր բարձրաստիճան անձանց, նրանք, ովքեր գիշեր-ցերեկ ծառայում են հանուն ՀՀ-ի՝ անկախ քաղաքական հայացքներից և մոտեցումներից, համբերեք 3 շաբաթ, հրաժարական մի տվեք։ Մեր արտաքին ճակատը պահեք, այլապես այս երեք շաբաթվա մեջ կարող ենք այնպիսի ծանր կորուստներ ունենալ, որ հունիսի 20-ից հետո ինչպիսի իշխանություն էլ ձևավորվի չի կարողանա այդ բացերը լրացնել և կորուստները լրացնել»,- ավելացրեց Էդմոն Մարուքյանը։











