Մենք գիտենք մեր պետության խնդիրները, գիտենք դրանց լուծելու ճանապարհները։ Այս մասին, այսօր՝ մայիսի 29-ին, «Հայաստան» դաշինքի ծրագրի ներկայացման միջոցառման ժամանակ իր ելույթում նշեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքի առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը։

«Մենք ունենք թիմ, փորձառություն այդ խնդիրները լուծելու համար։ Մենք նոր որակի ազգային պետության երաշխավորն ենք»,- ասաց նա։

Ըստ նրա՝ ստղծված իրավիճակում վճռական գործողությունների անհրաժեշտություն կա. «Մեր պետականության ու ինքնիշխանության հետագա կորուստները հնարավոր է հաղթահարել միայն միասնական, ազգային-պետական քաղաքականությամբ և դրանք իրականացնելու վճռականությամբ: Մենք ունենք այդ կամքը: Մեր առաջնահերթությունն է լինելու մեր ազգային պառակտվածության հաղթահարումն ու ատելության մթնոլորտի բացառումն է լինելու:Մենք վերականգնելու ենք համերաշխության եւ երկխոսության մթնոլորտը:

Չկա հայություն առանց Հայաստան։ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության շրջանակում ձևավորելու ենք ամբողջական օրակարգ։ Կասեցնելու ենք արտագաղթի նոր ալիքը, խթանելու ենք ներգաղթն ու հայրենադարձությունը: Վերանայելու ենք երկքաղաքացիներին երկրի պետական կառավարման մեջ ներգրավելու սահմանափակումները: Վերականգնելու ենք Հայաստանի հանդեպ Սփյուռքի վստահությունը, այդ թվում՝ բացառելու ենք «Հայաստան» համահայկական հիմնադրամի» միջոցների ոչ կանոնադրային օգտագործումը։ Ձեւավորելու ենք սփյուռքի նյութական կապիտալը Հայաստանում եւ Արցախում ներգրավելու նոր մեխանիզմներ, ներդրելու են բազմահարթակ ներդրումային ֆոնդերի համակարգ: Ստեղծելու ենք բարձր որակավորում ունեցող սփյուռքահայ մասնագետների ներհոսքի հատուկ նխպատակային ծրագրեր, հարկային եւ այլ արտոնություններ ենք ապահովելու բարձր մասնագետների համար:

Հետամուտ ենք լինելու հայ ժողովրդի անժամանցելի իրավունքների իրականացմանը, ձգտելու ենք թուրք-ադրբեջանական ագրեսիայի եւ հայ ժողովրդին պատճառված կորուստների միջազգային ճանաչմանը: Ընդունելու ենք Հայոց ցեցասպանության ճանաչման, դատապարտման եւ հատուցման ընդլայնման աշխատանքները: Հայաստանը լինելու է սոցիալական արդարության և բարեկեցության երկիր»,- ասաց նա։

Սաղաթելյանի խոսքով, իրենք հետամուտ են լինելու պատերազմի հետեւանքները մեղմելու աշխատանքներին, գերեվարված անձանց վերադարձին, զոհվածների ու անհետ կորածների տվյալների հստակեցմանը:

Կոնդի պետական ամառանորցները վերածելու ենք ժամանակակից վերականգնողական կենտրոնի: Փախստականներին ապահովելու ենք բնակարաններով, զոհվածների ու վիրավորների ընտանիքներին տրամադրելու ենք անհրաժեշտ ֆինանսական աջակցություն: Պատասխանատու քաղաքացի, ներառական հասարակություն, ազգային ուժեղ պետություն: Սա է լինելու համազգային ներուժի համախմբման ուղեգիծը:

Մենք գալիս ենք ապահովելու արժանապատիվ խաղաղություն, անվտանգ Հայաստան: Դեպի ուժեղ Հայաստան»,-ընդգծեց ՀՅԴ ներկայացուցիչը: