Ես չեմ կարծում, որ մենք ունենք մի իրավիճակ, որտեղ  Արա Այվազյանի նշած խնդիրը գոյություն ունի, բնականաբար, բոլորի համար առաջնային են ազգային շահերը, բայց որևէ նման առիթ չեմ տեսնում: Այս մասին այսօր՝ հունիսի 1-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը՝ խոսելով Արա Այվազյանի՝ ԱԳ նախարարի պաշտոնից հրաժարականի և հրաժարականի ժամանակ արած հայտարարությունների մասին:

Տեսակետին, որ հնարավոր է եղել է կամ կա որեւէ ոչ հրապարակային նոր նախաձեռնություն, ինչն էլ հրաժարականի պատճառ է դարձել, Մհեր Գրիգորյանն արձագանքեց. «Բացառեք դա, ուղղակի բացառեք: Եկեք հասկանանք պահի լրջությունը: Ես ընդհանրապես չեմ հասկանում, թե ինչպես կարելի է անվերջ տարածել լուրեր, թե կա գաղտնի փաստաթուղթ, գաղտնի հավելված։ Չկա՛ նման բան, ինչ որ քննարկվում է, մաքսիմալ հրապարակային է և չի կարող գաղտնի փաստաթուղթ լինել, որը չհրապարակվի եւ հանրայնորեն չքննարկվի»:

Ինչ վերաբերում է նրան, որ հրաժարականների շղթան կարող է տարածվել այլ գերատեսչություններում եւ կոլապսի բերել պետական համակարգը, փոխվարչապետի պաշտոնակատարն ասաց. «Եթե դուք ճշտեք պատճառները կամ մեզ հայտնի դառնան պատճառները ավելի մանրամասն, նոր հնարավոր կլինի այդ հարցին ավելի ընդարձակ պատասխան տալ: Այս պահին չկա նման մտավախություն»:

Նրա խոսքով, դիվանագիտական ճակատը պետք է ուժեղ լինի. «Բայց կարծում եմ, որ հարցադրումները պետք է ուղղվեն պարոն Այվազյանին ու նա ավելի ընդարձակ կտա այդ հարցերի պատասխանը»:

Հիշեցնենք, որ Արա Այվազյանը հրաժեշտ տալիս ասել էր՝ իր հրաժարականի որոշումը պայմանավորված էր հենց այդ պատճառով, որ երբևիցե որևէ կասկած չլինի, որ ԱԳ նախարարությունը կարող է ինչ-որ քայլ անել կամ համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, նախաձեռնությունների, որոնք մեր պետականության, մեր ազգային և պետական շահի դեմ են եղել: