«Պուտին, օգնիր մեզ», «գեներալ Մուրադով, շնորհակալություն». այս գրվածքներով պլակատներով անհետ կորած զինծառայողների հարազատները բողոքի ակցիա են իրականացնում Հայաստանում Ռուսաստանի դեսպանության առաջ։ Նրանց խնդրանքն է, որ Ռուսաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը զբաղվի անհետ կորածների հարցով։
«Մեր խնդրանքն է, որ դուք այս հարցին ուշադրություն դարձնեք, մեր հույսը միայն Ռուսաստանն է։ Մեր ղեկավարությունը կորցրել է կոմպետենտությունը, այս պահին ոչ մեկ ոչնչով չի զբաղվում։ Ես դիմում եմ Ռուսաստանի նախագահին, արտաքին գործերի նախարարին, Պաշտպանության նախարարին, խնդրում եմ, չգիտեմ ինչպես, բայց հասեք նրան, որ Ադրբեջանը պաշտոնապես ճանաչի մեր գերիներին ու մեզ վերադարձնի նրանց»,– ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի նախկին տեղակալ Բորիս Ավագյանն էլ հայտնեց, թե ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Արշակ Կարապետյանին են բանակցությունների ուղարկել Ռուսաստան՝ մինչդեռ նրա նկատմամբ Ռուսաստանում բացասական վերաբերմունք կա, բացի այդ նա չի կարողանում որեւէ հարց լուծել։
«Նա պե՞տք է պաշտպանի մեր երեխաների շահերը, աբսուրդ է։ Նույն իրավիճակը սահմանի հետ է կապված։ Ես կարծում եմ, որ Ռուսաստան պետք էր ուղարկել գեներալ Մարտիկյանին, որը ռազմական հետախուզության ղեկավարն է, նա ավելի լավ կբանակցեր քան Կարապետյանը։ Ողարկել են մի անձնավորության, որր երկու շաբաթ գնում է սահման բանակցում, բայց մեր սահմանագծից գերիներ են վերցնում։ Մարտիկյանին ու ԱԱԾ տնօրենին պետք է ուղարկեին»,– ասաց Ավագյանը՝ հավելելով, որ այդ բանակցություններին ադրբեջանական կողմից ներկայացել է արտաքին հետախուզության ղեկավար Սուլթանովը, որը Ալիեւի աջ ձեռքն է, իսկ մեր կողմից բանակցողը նույնիսկ սահմանագծում բանակցել չի կարողանում։











