Աբովյան քաղաքի սուպերմարկետից գողությունը կատարվել էր անցած տարվա դեկտեմբերի 20-ին: Տնօրենը հաղորդում էր տվել, որ վնասել են դուռն ու տարել վճարային տերմինալ:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները ձեռնարկել էին միջոցառումներ, որոնք արդյունքի չէին բերել:

Դեպքի առթիվ օրերս օպերատիվ տեղեկություն են ստանում քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները:

Մայիսի 21-ի առավոտյան գլխավոր վարչության և Կոտայքի քրեական հետախույզները, համատեղ իրացնելով օպերատիվ տվյալը, իրենց տներից Կոտայքի բաժին բերման են ենթարկում 25 և 21 տարեկան երևանցի երկու երիտասարդի: Բացատրական աշխատանքի արդյունքում նրանք տալիս են խոստովանական բացատրություն, ապա ներկայացվում են Աբովյանի քննչական բաժին:

Հետագա օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների շնորհիվ 25-ամյա երիտասարդն ավելի է անկեղծանում: Նա խոստովանում է, որ հունվարին, մետրոյի «Բարեկամություն» կայարանի գետնանցումի վճարային տերմինալից գողացել էր փող, մայիսի 19-ին մայրաքաղաքի Եզնիկ Կողբացու փողոցից գողացել էր երկու բարձրախոս, իսկ Շենգավիթ ու Նոր Նորք համայնքներից գողացել էր վճարային երեք սարք:

Հարուցված քրեական գործի նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: