Կառավարող «Իմ քայլը» դաշինքից խորհրդարանի փոխնախագահ Լենա Նազարյանը հունիսի 3-ին ամբիոնից անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանի ելույթից հետո նրան «իդիոտկա» անվանեց։ Բանն այն է, որ Թովմասյանն անդրադարձել էր Ղարաբաղում զոհված զինծառայողների մարմինների անպատշաճ պահման եւ դրան հաջորդած՝ առողջապահության նախարարի պաշտոնակատարի հայտարարությունների շուրջ ստեղծված սկանդալին։ Պատգամավորը, մասնավորապես, նշեց, որ պետությունը զոհված հերոսների հանդեպ նման վերաբերմունքով հանրությանը ոչ ճիշտ ազդանշան է տվել, եւ հիմա ոչ ոք չի ցանկանա զոհել կյանքը եւ առողջությունը հանուն Հայաստանի։

«Այդ մարմինները մեր պատիվն են։ Հանուն նրանց մարդիկ երբեմն զոհել են իրենց, իրենց կյանքը, իրենց առողջությունը, կորցրել ընկերներին, միայն թե իրենց զոհված ընկերների մարմինները չհայտնվեին թշնամու ձեռքում, որը կանարգեր նրանց՝ դրանով իսկ անարժան վերաբերմունք ցուցաբերելով»,- ասաց Թովմասյանը։

Հետո նա ավելացրեց, որ գործող իշխանության մեսիջը, որը գրեթե ոչ մի կերպ չի խոչընդոտում Բաքվի ագրեսիվ քաղաքականությանը, ըստ էության, այն է, որ ողջ մնացած քաղաքացիները շուտով դիակների տեսքով կլրացնեն դատարկ պարկերը եւ անտեր սենյակները։

Հենց որ խորհրդարանականն ավարտեց խոսքը՝ Լենա Նազարյանը կամաց քրթմնջաց. «իդիոտկա»։ Այդ պահին նա պարզապես մոռացել էր անջատել բարձրախոսը։