Իշխանական թիմը ոչ թե պետք է իր դատապարտող կարծիքն արտահայտի, այլ պետք է գործի, քայլեր ձեռնարկի, իսկ հանրային դատապարտման գործառույթը հիմնականում տրված է ընդդիմությանը։ Այս մասին այսօր՝ հունիսի 3-ին, ԱԺ նիստին հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը՝ անդրադառնալով զոհված զինծառայողների դիակների եւ մասունքների պահման վերաբերյալ պատգամավորների հայտարարություններին։

Անդրադառնալով այն հայտարարություններին, թե իշխանությունը հանգիստ հետեւում է այդ դեպքին, Բադալյանն արձագանքեց, որ խմբակցությունում վերջին մի քանի օրերն առավել թեժ են եղել․ «Նույնիսկ, եթե պարզվի, որ տեխնիկական խնդիր է, իսկ ամենայն հավանականությամբ այդպես էլ կպարզվի, որ ընդամենը մի քանի ժամվա կամ կարճ ժամանակահատվածում է այդ իրավիճակը եղել, որի լուսանկարները հայտնվեցին համացանցում, միեւնույնն է, մենք պնդում ենք, որ դա անընդունելի, աններելի է եւ մեղավորները պետք է անպայման պատժվեն»։