Հասկանալի պատճառներով Տավուշը մեզ համար յուրահատուկ թիրախ է. Տավուշի մարզում և հատկապես՝ Իջևանում, մենք պետք է շեշտակի հաղթանակ կրենք: Այս մասին հունիսի 3-ին, Տավուշի մարզի քաղաքացիների եւ «Հայաստան» դաշինքի շտաբների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը:

Նա նշեց, որ ամեն ինչ անելու են դաշինքի ծրագիրն իրականություն դարձնելու համար․ «Եթե դու պատասխանատու մարդ ես, վերցրել ես այդ բեռը, ուրեմն պետք է տանես։ Եթե մարդն ինքն իրեն չի կարողանում կառավարել, երկիրն ինչպե՞ս կարող է կառավարել։ Իսկ մեր այսօրվա կառավարությունն այդպիսինն է՝ մարդիկ իրենց անելիքը չգիտեն։ Մեկ-մեկ նայում ես, ասում ես՝ լավ, էս պարզ հարցը խի՞ չեք լուծում: Մեկ-մեկ մտածում եմ՝ հեռախոսը վերցնեմ ես զանգեմ էդ նախարարին, հանձնարարեմ, վազելով կլուծի: Այսօր երկրի առջեւ կանգնած խնդիրների 90 տոկոսի պատճառը սա է: Երկիրը տրենաժոր ենք սարքել, սովորում ենք երկրի վրա: Հենց մեկը մի քիչ սովորում է, մի ղալաթ է անում, գործից հանում են, մյուսին են դնում, նա է սովորում: Հիմա էլ տրենաժորն ա փչացել: Հիմա իրենց քշելու ժամանակն է»,-ասաց նա: