Հունիսի 1-ին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը ավարտել է հայ 14 ռազմագերիների դեմ հարուցված մեղադրանքի նախաքննությունը, եւ մեր ռազմագերիներին, որոնք Ադրբեջանը համարում է դիվերսանտներ, ահաբեկիչներ, ուղարկվել է դատարան: Այս մասին այսօր՝ հունիսի 4-ին, Ազգային ժողովի իր ելույթում ասաց ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
«Նրանք մեղադրվում են տեռորիզմի, Ադրբեջանի տարածքում այլ հանցագործ գործունեություն ծավալելու մեջ: Մեղադրվում են տեռորիստական, դիվերսիոն ակտեր, պայթյուններ, հրդեհներ եւ մարդկանց կյանքին վտանգ սպառնացող ահաբեկչական պլանավորված գործողություններ կատարելու մեջ: Խոսքը դեկտեմբերի 13-ին Հադրութի մերձակայքում գերեվարված մեր տղաների մասին է, որոնք չնայած միջազգային հանրության տոտալ ճնշմանը, Ադրբեջանը հրաժարվում է ճանաչել ռազմագերի: Ինչ մնում է մյուս ռազմագերիներին, նրանց դեմ նախաքննությունը եւս ավարտված է եւ այս պահին ըստ իրենց, գործի ծանոթացման ընթացքն է գնում»,-ասաց նա: Զոհրաբյանը հիշեցրեց, որ 6 օր առաջ ԶՈՒ ԳՇ պատասխանատուն հայտարարեց, որ Ադրբեջանին տալիս են մեկ ժամ ժամանակ վերջերս գերեվարված մեր տղաներին վերադարձնելու համար։
«Հիշեցնեմ, որ գենշտաբի պաշտոնյայի տված մեկ ժամից անցել է 144 ժամ, և մեր տղաները շարունակում են մնալ գերեվարված»,–ասաց նա։
Նաիրա Զոհրաբյանը հայտնեց նաև, որ Մոսկվայից վերադարձած մեր պատվիրակությունը, որը պետք է բանակցեր սահմանային միջադեպերի՝ հատկապես վերջին վեց գերիների հետ համար, վերադարձել է ձեռնունյան։ «Նրանք տարածեցին լղոզված մի հայտարարություն, որտեղ ընդամենը ասված է, որ քննարկումները և բանակցությունները շարունակվում են»,–ասաց նԲՀԿ-ական պատգամավորը:











