Ժամանակակից տեխնոլոգիաներ կան, որոնք հնարավորություն են տալիս տասնապատիկ ավելի արդյունավետ կոռուպցիայի դեմ պայքարի հարցը լուծել՝ առանց մեծ աղմուկի եւ առանց բոլորին ստուգելու։ Այս մասին հունիսի 3-ին ոստիկանության, ՊՆ, ԱԱԾ տարբեր տարիների բարձրաստիճան ղեկավարների եւ սպաների հետ հանդիպմանն ասել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

«Կոռուպցիայի դեմ պայքարը չպետք է աղմուկով, չապացուցված փաստերով մարդուն խայտառակելով։ Հետո պարզվում է՝ տակը բան չկա, դա այն ճանապարհը չէ, որով պետք է կոռուպցիայի դեմ պայքարել։ Այն աղմուկը, որը հանել է այս իշխանությունը, կոռուպցիայի դեմ պայքարը սարքելով հիմնական կարգախոս՝ կոռուպցիոն բնույթի մեկ դատական վճիռ չկա։ Այն ինֆորմացիան, որը ես ստանում եմ տարբեր տեղերից, իրենք շատ լավ էլ խրվել են կոռուպցիոն տարբեր գործարքների մեջ։ Համոզված եմ, որ հունիսի 20-ից հետո բավական բացահայտումներ լինելու են»,- նշել է երկրորդ նախագահը։

Ռոբերտ Քոչարյանի խոսքով՝ առաջին հերթին կոռուպցիայի դեմ պայքարը պետք է մի փոքր այլ կերպ կազմակերպել. «Նույնիսկ այդ օրենքները, որոնք այսօր ընդունված են, լուրջ կասկածներ են առաջացնում։ Ասում է՝ ունեզրկենք, հետո գնա, ապացուցի՝ գողացած է, թե՝ ոչ։ Պետությունն ապացուցելու ֆունկցիան դնում է քաղաքացու վրա։ Այդպիսով լրացուցիչ այլ կոռուպցիոն ռիսկեր են ստեղծում, իրավապահ մարմինների համար դա ուղղակի մահակը վերցնել եւ ամեն մեկի գլխին պահել ու ասելն է՝ եթե չես ուզում այս պատմության մեջ մտնել, միանգամից արի մուծվի։ Քո վրայով մի հատ լավ կատոկով անցնում են, հետո դու պիտի գնաս ու մի քանի տարի ապացուցես, որ ճիշտ չի արվել»։

Երկրորդ նախագահի դիտարկմամբ, կոռուպցիայի դեմ պայքարի այդ տարբերակը բիզնես միջավայրը քայքայելու ուղղակի ճանապարհն է։

«Շատ պարզ բաներ կան, ես չգիտեմ՝ ինչու չի արվում։ Օրինակ՝ մենք տեսնում ենք, որ բարեկամներն իրար ենթակայության տակ աշխատում են, Քաղծառայության մասին օրենքով դա արգելված է։ Նույնիսկ եղած օրենսդրական բազան բավարար հիմք էր տալիս ինչ- որ բան կանխելու։ Ժամանակակից տեխնոլոգիաներ կան, որոնք հնարավորություն են տալիս տասնապատիկ ավելի արդյունավետ հարցերը լուծել առանց մեծ աղմուկի եւ առանց բոլորին ստուգելու։ Համոզված եմ, որ կոռուպցիայի դեմ պայքարը մեզ մոտ պետք է դառնա հենց այդ կարգի տեխնոլոգիաների կիրառման ճանապարհով»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը։