Պետական համակարգում բանակից խուսափած մարդն իրավունք չունի աշխատելու։ Այս մասին հունիսի 3-ին ոստիկանության, ՊՆ, ԱԱԾ տարբեր տարիների բարձրաստիճան ղեկավարների եւ սպաների հետ հանդիպմանն ասել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

«Ընդհանրապես կարծում եմ, որ դա պետք է օրենսդրական նորմ լինի, որ պետական համակարգում բանակից խուսափած մարդն իրավունք չունի աշխատելու։ Եթե մենք ուզում ենք ունենալ բանակ, ուրեմն այդպիսի նորմ պիտի դնենք։ Խոսքը միայն պետական համակարգի մասին է, մնացած տեղերում ազատ պետք է լինի»,- ասել է երկրորդ նախագահը։

Անդրադառնալով երկրում ռազմարդյունաբերության ոլորտի զարգացման հեռանկարների մասին փոխգնդապետ Ներսիսյանի հարցին՝ Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է.

«Երեւի մեր ամենից մեծ խնդիրը նման արդյունաբերության շատ թույլ լինելը կամ գրեթե բացակայությունն է։ Իրականում մենք նաեւ դա մեր ծրագրերում նշել ենք, զգացինք, երբ օդային տարածքը փակ էր, Վրաստանինը ամբողջ պատերազմի ժամանակ էր փակ, Պարսկաստանինը՝ առաջին 3 շաբաթը։ Փոքր երկիր ենք, չենք կարող բոլոր ճյուղերով նման բան ունենալ, բայց 2-3 ժամանակակից տեխնոլոգիական ուղղություններ վերցնելն ու լուրջ մակարդակի հասցնել կարող ենք։ Հիմա լավ չգիտեմ, թե մենք ինչ ունենք։ Մենք դա պիտի համարենք ինքնանպատակ, թե մեզ պետք է որակյալ արտադրանք. մեզ պետք է որակյալ արտադրանք։ Այն փաստը, որ փոքր պետությունը կարող է լուրջ ռազմաարդյունաբերական գործարաններ ունենալ՝ Իսրայելը ցույց տվեց։ Իսրայելի IT ոլորտը երեւի աշխարհի ամենազարգացած ոլորտներից է, բայց ամեն ինչ բանակից է սկսում»։