Գիտենք, որ Ոստիկանության ճնշող մեծամասնությունն ահավոր ձանձրացած է այս իրավիճակից։ Այս մասին հունիսի 3-ին ոստիկանության, ՊՆ, ԱԱԾ տարբեր տարիների բարձրաստիճան ղեկավարների եւ սպաների հետ հանդիպմանն ասել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

«Մենք Ոստիկանությունից շատ ակտիվ սիգնալներ ստանում ենք։ Գիտենք, որ ոստիկանության ճնշող մեծամասնությունն ահավոր ձանձրացած են այս իրավիճակից. մարդկանց դուր չի գալիս այն, ինչ անում են։ Չի կարող ոստիկանությանը դուր գալ շուրջօրյա ինչ-որ դաչաներ պահելը, երբեք այդպես չի եղել։ Երբեք ոչ մի երկրի ղեկավար այդպիսի պատնեշով սեփական ժողովրդից իրեն չի պահել։ Տարբեր տեղերից տարբեր ինֆորմացիաներ են գալիս։ Շատ չեն այն մարդիկ, որոնք ջանասիրություն են ցուցաբերում ապօրինի հրաման կատարել։ Այդ մաքրելը մեծ ծավալների չի լինելու հաստատ։ Այո, ինչ-որ մարդիկ ոստիկանությունից պետք է դուրս գան»,- ասել է երկրորդ նախագահը։

Անդրադառնալով Ոստիկանությունում  իրականացվող բարեփոխումներին վերաբերյալ Ոստիկանության գնդապետ Արիստակեսյանի հարցին՝ Ռոբերտ Քոչարյանն ասել է.

«Վերջին մի քանի ամսվա ընթացքում միայն Երեւանում սպանել են 26 հոգի։ Սա նաեւ պատճառ է, որ փորձեր է արվում համակարգում ինչ-որ բան փոխել, բայց իրենք էլ չեն հասկանում՝ ինչն են ուզում փոխել։ Իրենք սկսել են բարեփոխումներ կրթական ոլորտում, սա սորոսական հիմնադրամների հիմնական նպատակն է՝ որ երկրում իրենք կան, իրենց գործը սկսում է կրթական ոլորտում կրթական այդ ծրագրերի փոփոխությամբ։ Չկա որեւէ վստահություն, որ իրենց ոստիկանությունում որեւէ լավ բան են անելու։ Ի՞նչ կապ ունեն այդ ՀԿ-ները ոստիկանության հետ։ Ոստիկանության բարեփոխումները պետք է անի Կառավարությունը ոստիկանության հետ քննարկումների արդյունքում։ Ինչի՞ են այդ ՀԿ-ներն այդ իրավունքը ստացել, ինձ համար անհասկանալի է։ Դա պատճառներից մեկն է, որ ես մտել եմ այս պայքարի մեջ՝ այդ գործընթացները կասեցնելու համար»։