Պահը շատ կարեւոր է, եւ մեր պետությունը մտնում է կարեւոր հանգրվան. բնական է, որ ընտրությունը պետք է կանգ առնի այն ուժի վրա, որը տեսնում է այդ ապագան եւ վստահ է, որ այդ ապագան կա: Այս մասին, այսօր՝ հունիսի 5-ին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կազմակերպած դրամահավաք-երեկոյի ժամանակ իր ելույթում նշեց ՔՊ-ի ընտրական ցուցակում ընդգրկված, Գերագույն խորհրդի եւ ԱԺ առաջին գումարման պատգամավոր Վիգեն Խաչատրյանը:

«Թող անհամեստ չհնչի, դա մենք ենք: Որովհետեւ ՔՊ-ն ներկայացնում է այն նոր քաղաքական սերունդը, որը համաձակություն ունեցավ պնդելու, որ պետության տերը մարդն է, ոչ թե իշխանավորը:

Ես վերադառնում եմ քաղաքականություն, ինչպես լավ խոսում եմ, այդպես էլ աշխատելու եմ, որովհետեւ ես մտնում եմ մի լավ թիմ, որը լավ է աշխատելու: Կան մի քանի հարցեր, որոնք պետք է լուծենք: Դա նախեւառաջ ազգային համաձայնության մթնոլորտ ստեղծելն է: Ընտրություններից հետո ՔՊ-ն այդ մթնոլորտը կստեղծի: Այս երեք տարիների լարվածությունը համոզում է, որ մենք ունենք առաջնորդ, որը սիրում եւ հենվում է հասարակության վրա: Էժան ժուլիկությունները, թե մենք կստեղծենք ազգային համաձայնության կառավարություն, դա ժուլիկություն է, որովհետեւ ազգային համաձայնության կառավարությունը կլինի ամենաթույլ կառավարությունը եւ ամենաժամանակավորը:

Մենք ստանձնելու ենք քաղաքական պատասխանատվություն ինքնուրույն իրացնելու ժողովրդի սպասելիքները, այն է՝ ապահովել կայունություն, անվտանգություն, ապահովել արժանապատիվ պետության հեռանկար»,-հայտարարեց նա:

Վիգեն Խաչատրյանը խոսելով այս իշխանության սխալներից, նշեց. «Մենք պետք է լայն մասնակցություն ապահովենք մասնագետների, կրթված մարդկանց, որոնք պետք է մասնակիցը դառնան որոշումների կայացման: Համաձայնության կառավարությունը մենք տեսել ենք 20 տարի, երբ ոմանք մտնում էին կառավարության, փայ ստանում, հետո երբ ասում էին՝ էս ի՞նչ եք անում, պատասխանում էին՝ մենք պատասխանատու չենք, մենք մաս ենք կազմում: Մաս-մաս ամեն ինչ ուտում էին, տակը բան չէր մնում:

Ավելի լավ կառավարություն են մարդիկ ուզում, իսկ ավելի լավն ունենալու երաշխիքը այս կառավարությունն է, որովհետեւ հակառակ դեպքում փակվելու է ճանապարհը լավի առաջացման:

Մենք խորհրդարանում պետք է ունենանք վստահ քաղաքական ուժ, որը գիտի՝ ինչ է անում, եւ այդ ուժի մեջքին շնչող ընդդիմություն, որը նույն բանն  է ուզում անի եւ իրենց թվում է, որ իրենք ավելի լավ կանեն: Դա նորմալ է: Բայց այդ բանավեճը չպիտի բերի նրան, որ Հայաստանում ունենանք իշխանություն եւ ընդդիմություն, որ միմյանց պետք է հոշոտեն: Այսօրվա իշխանությունը հետ է քաշվում այդ հոշոտելու գայթակղությունից, ու որքան հետ է քաշվում, այնքան դիմացինը լկտիանում է: Մենք հոշոտող չենք, մենք հոշոտողներից ժողովրդին պաշտպանողներից ենք»: