Ագարակը Հայաստանի հարավային դարպասն է եւ մեզ մոտ մոտեցում կա, որ Ագարակից է սկսվում ամեն ինչ, եւ «Հայաստան» դաշինքն իր քարոզարշավը սկսել է հենց Ագարակից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Ագարակի վարչական ղեկավար Գևորգ Առաքելյանը, որ թեեւ անկուսակցական է, սակայն սատարում է «Հայաստան» դաշինքին:
«Բոլորս գիտենք, որ մեր թիմում 17-րդ համարը Մեղրի խոշորացված համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանն է: : Դուք էլ եք տեսել, որ վերջին տարիներին եւ Մեղրին, եւ Ագարակը ամբողջությամբ բարգավաճել են, մարդիկ սկսել են շնչել: Դա պարոն Զաքարյանի եւ իմ շնորհքն է: Ես սատարում եմ եւ պարոն Զաքարյանին, եւ «Հայաստան» դաշինքին:, որովհետեւ միակ դաշինքն է, որ կարող է երկիրը դուրս բերել այս ճգնաժամից: Մենք անդունիդ վրա ենք, մարդիկ մոլորված են»,-ասաց նա:
Գեւորգ Առաքելյանը նշեց, որ այս պահին Մեղրիում ու Ագարակում անվտանգության հետ կապված խնդիրներ չկան. «Մեղրին այսօր երեք կողմից սահման ունի: Այն ժամանակ երկու կողմից սահման ուներ՝ Իրանի եւ Նախիջեւանի: Հիմա ավելացել է նաեւ Ադրբեջանը արեւելքում: Ո՞նց պետք է լինենք, ահը սրտներումս սպասում ենք, թե ինչ կլինի, մինչեւ մեր բանակը, պետությունը հզորանա, տեսնենք՝ ինչ ենք անում»:
Նա խոսեց նաեւ ոռոգման խնդիրներից՝ նշելով, որ ամեն տարի Մեղրիի տարածաշրջանում ոռոգման խնդիր է առաջանում, քանի որ կա ջրամբարի պակասություն. «Խնդիրն այն է, որ Մեղրու գետը հուլիսից սկսած բարակում է: Արաքս գետից մեխանիկական եղանակով է ջրվում, բայց սահմանային առումով Մեղրու գետին վնաս չկա:
Արոտավայրերի կորուստ եղել է Նռնաձորի սահմանին: Անասուններին արածացնում են իրենց տան այգիներում, եւ մտածում են անասուններից ազատվելու մասին: Այս պահին անասուն պահելու պայման չկա, եկել, հասել են Նռնաձոր»,-ասաց համայնքի ղեկավարը:
«Մեր պապերն ասում էին՝ թուրքը ոսկի էլ լինի, գրպանդ չդնես: Մենք հիմա Շուռնուխում տեսնում ենք՝ ինչ է կատարվում: Գորիսի Ծակ քարում տեսնում ենք: Բաղը կարող են հասնել Մեղրի: Հիմա եթե երկու կողմից գան, ո՞վ է պատասխան տալու: Մեր զինված ուժերը, Մեղրու գունդը, փառք Աստծո, կարողանում է իր գործը պատշաճ կատարել, բա մնացած տեղե՞րը:Կապանում Ճակատեն գնում ես, կողքդ թուրքն է, քարով կարող է խփել»,-հավելեց նա:
Անդրադառնալով նրան, որ Ադրբեջանի ստորաբաժանումները մտել են ՀՀ տարածք, Գեւորգ Առաքելյանն ասաց. «Մեր կառավարությունը պետք է այնպես անի, որ դուրս գան: Եթե ուժով չի կարողանում, պետք է անի բանակցություններով: Ոչ կարողանում է այնպես, ոչ այնպես, բա մենք ի՞նչ անենք: Եթե մտել են մեր սուվերեն տարածք, վախ կա, որ էգուց կմտնեն Ագարակ: Ինձ թվում է, որ «Հայաստան» դաշինքը կարողանալու է այնպես անել, որ թե բանակցություններով, թե ուժով, թե բոլոր ղեկավարների մոտ Ռոբերտ Քոչարյանի եղած հարգանքով, որ այդ հարցերը առանց որեւէ գնդակի կլուծվեն»,-ընդգծեց նա:











