Մայիսին Կապան քաղաքի տներից մեկում գողություն էր կատարվել, ու մինչ տուժողն իր ուժերով կփորձեր գտնել բնակարանագողին, ոստիկաններն օպերատիվ ճանապարհով պարզել էին եղելությունն ու կասկածյալին բաժին էին հրավիրել։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ հունիսի 2-ին ոստիկանության Կապանի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Երկաթուղայինների թաղամասի 20-ամյա մի բնակիչ վարչական շրջանի մի տնից գողություն է արել։ Ձեռք բերված տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո բացատրական աշխատանքի արդյունքում կասկածվողը ներկայացավ ոստիկանության Կապանի բաժին:

Պարզվել է, որ նա մայիսի 18-ին հարմարեցված գործիքով բացել էր Վարդավանք բնակավայրի տներից մեկի դռան փականը և գողացել կենցաղային իրեր։

Տուժողից ընդունվել է հաղորդում։

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: