Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները, համագործակցելով Լոռու մարզային վարչության տարածքային այլ բաժինների գործընկերների հետ,  հունիսի լույս 4-ի գիշերը իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ ապօրինի ծառահատումների դեպքերը կանխարգելելու և  բացահայտելու համար։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ արդյունքում՝ բաժնի սպասարկման տարբեր հատվածներում, այդ թվում՝ Վանաձոր-Դիլիջան ճանապարհին,  հայտնաբերվել և պահպանվող հատուկ տարածք են տեղափոխվել «ԿամԱԶ», «Զիլ», «ԳԱԶել» և «Ֆորդ» մակնիշի մի քանի ավտոմեքենա։ Տրանսպորտային միջոցները բարձված էին ընդհանուր 25 խորանարդ մետրից ավելի փայտանյութով։

Վարորդները բեռի օրինականությունը հավաստող փաստաթղթեր չեն ներկայացրել։ Պարզվել է, որ ծառերը հատվել են Լոռու և Տավուշի մարզերի անտառներից։ Նշանակվել են մասնագիտական ստուգումներ։ Ոստիկանության Գուգարքի բաժնում նյութեր են նախապատրաստվում։