Այս տարվա հունիսը ռեկորդային շոգ ամիս է եղել. 3 աստիճանով նորմայից ավելի շոհ է եղել: Դրա պատճառով առաջացել է աննախադեպ դժվար իրավիճակ: Այս մասին, այսօր՝ հուլիսի 1-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու երաշտային տարի չի հայտարարվում:
Ջրային կոմիտեն աշխատում է իր նորմալ հունով: Խնդիրն այն է, որ անջրդի տարածքներում ջրելու կարիք է առաջացել, եւ դա վտանգել է անջրդի հողատարածությունների բերքը: Մյուս խնդիրն այն է, որ ֆերմերները ըստ էության, սխալ տեղեկատվություն են փոխանցում ջրային կոմիտեին եւ մի բույսի փոխարեն ցանում են այլ բույս, որի ջրի պահանջարկը այլ է: Օրինակ կարտոֆիլին ավելի շատ ջուր է պետք:
Այդուհանդերձ, այս խնդիրը պահանջում է արմատական լուծում եւ մենք երկու օր առաջ պայմանավորվել ենք, որ պետք է սկսենք ջրային ռեֆորմը: Փոխենք համակարգն այնպես, որ անցնենք նոր արդյունավետ համակարգի»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ կաթիլային ոռոգման անցնելը թանկ է եւ ոչ բոլոր գյուղացիները կարող են դա անել, նախարարի պաշտոնակատարը նշեց, որ կառավարությունը կաջակցի: Եթե մենք ասում ենք, որ այս տարի շոգ է, ոչ մի երաշխիք չկա, որ հաջորդ տարի հով է լինելու: Աշխարհը տաքանում է»:
Հարցին, թե ինչու չեն կանխատեսել, որ նման բան կարող է լինել եւ ջրամբարները չեն լցվել, Քերոբյանը նշեց, որ ինքն այդ հարցին չի կարող պատասխանել, քանի որ ջրամբարների խնդիրներով իրենք չեն զբաղվում:
Նրա խոսքով, գյուղացիների վնասների փոխհատուցման վերաբերյալ որեւէ գործողություն դեռ արված չէ, բայց կարվի. «Գյուղմթերքի ապահովագրություն երաշտից չի եղել: Երաշտ բառը պետք չի օգտագործել, խոսքը սակավաջրության մասին է: Ամեն դեպքում աղմուկը պետք է համեմատել իրականության հետ: Սովորաբար, աղմուկը խիստ գերազանցում է վնասի չափին»:











