Ընտրությունների նման արդյունքները սպասելի էին, առնվազն սպասելի էին վերջին մեկ ամսում, երբ ընդդիմությունը մտավ ակտիվ ընտրական պրոցեսների մեջ: Այս մասին այսօր՝ հուլիսի 1-ին, մամուլի ասոիլիսի ժամանակ նշեց քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը:

«Ես եւ մի շարք այլ անձինք որոշակի առումով հայտնում էինք մեր կարծիքները՝ նախազգուշացնելով, որ եթե ընդդիմությունը նման ձեւով շարունակի, ապա դա կհանգեցնի պարտության: Դա ակնհայտ երեւում էր:

Ցավոք սրտի, ընդդիմությանը չհաջողվեց գեներացնել քաղաքական պրոցեսներ, ինքը պրոցեսները տարավ դասական ընտրական, ավանդական մեթոդներով, ավանդույթներով՝ չհասկանալով, որ ժամանակները փոխվել են: Այսինքն ընտրական պրոցեսներն արդեն տեխնոլոգիաներ են, լուրջ մեխանիզմներ են, եւ եթե դու ուզում ես հաղթել, պետք է կիրառես այդ տեխնոլոգիաները: Դու պետք է հասարակության տարբեր շերտերի նման մեթոդներով կարողանաս ստիպել, որ ինքը մտնի քո շարհերի օրբիտայի մեջ»,-ասաց նա:

Կիվիրյանը նկատեց, որ ակնհայտորեն հիմնական հավակնությունն ուներ Ռոբերտ Քոչարյանը. «Սակայն ինքը կատարեց մի շարք սխալներ: Նախ, նա չհասկացավ, որ ընտրությունները պայքար չեն իշխանության եւ ընդդիմության միջեւ: Դա պայքար է բոլորը բոլորի միջեւ, այսինքն բոլորը խփում են բոլորին: Նիկոլ Փաշինյանը խփում էր բոլորին: Ինքն ասում էր այն, ինչ հասարակությունն իրենից ուզում էր լսել: Ընդդիմությունն էլ պետք է ասեր այն, ինչը հասարակությունն իրենից ուզում էր լսել:

Ռոբերտ Քոչարյանը հասկանալով, որ ընտրություններում բոլորը բոլորի դեմ են, ինքը պետք է խփեր բոլորին: Իսկ այնտեղ պրոցեսի մեջ մտցված էին խմբեր, անձինք, որոնք գլոբալ առումով որեւէ հարց չէին լուծելու:

Վերցնենք հենց «Պատիվ ունեմ» դաշինքին: Ակնհայտ էր, որ նա հաղթելու որեւէ հնարավորություն չունի: Ինչո՞ւ էր նա մտել պայքարի մեջ, որպեսզի որոշակի առումով խլի Ռոբերտ Քոչարյանի ձայները, ինչն էլ տեղի ունեցավ: Իսկ Ռոբերտ Քոչարյանն իրենց որեւէ առումով չէր խփում: Բայց բավական էր, որ ընտրություններն ավարտվեին, որ Սերժ Սարգսյանը BBC-ին տված հարցազրույցում, իհարկե, առանց անուն տալու, փաստացի մեղադրեց Ռոբերտ Քոչարյանին: Նա ասաց՝ ընտրությունների գնալը սխալ էր, բայց կային մարդիկ, որոնք իրենց ամբիցիաներից ելնելով գնացին ընտրությունների»,-ընդգծեց վերլուծաբանը: