ԱԺ այսօրվա միջադեպը տեղի ունեցավ հիմնական զեկուցողի արտահայտությունից հետո, որ «քիչ են անում, շատ պետք է անեն»։  Դա սադրանք էր  եւ հրաման, որ անցնեն գործողության։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 24-ին, ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը՝ նկատի ունենալով վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Հիշեցնենք՝ խորհրդարանում այսօր իրավիճակը լարվեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի հարցի ժամանակ, երբ Ալեն Սիմոնյանն անջատեց նրա բարձրախոսը։ ԱԺ նիստերի դահլիճում վիճաբանություն էր սկսվել ընդդիմադիրների ու պատգամավորների միջեւ, ինչից հետո ներս էին մտել անվտանգության աշխատակիցները։ Միջադեպի ժամանակ վնասվածքներ էին ստացել Աննա Մկրտչյանը, «Հայաստան» խմբակցությունից Արծվիկ Մինասյանը։

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորը շարունակելով ելույթը, հարց ուղղեց վարչապետին։ Նա նշեց, որ Փաշինյանի կողմնակիցները  ակտիվորեն տարածում եմ մի թեզ, թե «խեղճ Նիկոլն ինչ աներ, նախկինները Ղարաբաղը ծախել էին, խեղճ հարիֆի գլխին ջարդվեց»։

Ղազինյանը նախ ընդգծեց, որ ինքը համաձայն չէ այդ ձեւակերպման հետ, ավելին՝  ամեն ինչ արվել է մտածված, կազմակերպված, ծրագրավորված եւ հասել են նպատակին եւ հիմա էլ գտնվում է ընթացքում, ապա հարց ուղղեց վարչապետին, թե ինքը համաձա՞յն  է այդ ձեւակերպման հետ։

Նիկոլ Փաշինյանը այս հարցին ուղիղ պատասխան չտվեց։ Փոխարենը խոսեց 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի մասին, որն ըստ նրա՝  բոլոր հարցերի պատասխանները գտնելու հնարավորություն կտա։

«Ամենատարբեր կարծիքներ կան, այո Ձեր կարծիքի նման կարծիք էլ կա, բայց այդ կարծիքի վեկտորի հետ կապված խնդիրներ էլ կան, որովհետեւ շատ հնարավոր է, որ ինչ-որ բան եղել է կազմակերպված։ Մեր խնդիրն է պարզել՝ ով է կազմակերպել, ինչ նպատակով ու նկատառումներով»,- ասաց Փաշինյանը։

Արձագանքելով վարչապետին, Ղազինյանն արձանագրեց, որ անուղղակի կերպով հաստատվեց այն, որ Փաշինյանի գլխին ոչինչ չի կոտրվել ու իր համոզմամբ՝ Փաշինյանը հնարավորություն ուներ կանխելու այն ինչ տեղի ունեցավ։